Ուշագրավ է, որ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման ժամկետը նշում են ո՛չ թե Երեւանն ու Բաքուն, այլ Անկարան։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի 2026թ. տարվա առաջին կեսին։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», – ասել է թուրք պաշտոնյան։
Ֆիդանի հայտարարությունը համընկնում է Էրդողանի բանագնաց Սերդար Քըլըչի երեւանյան վերջին անպտուղ այցին, որի գլխավոր ու միակ արդյունքն այն էր, որ պայմանավորվեցին արդեն պայմանավորվածն իրականացնել։ Փաշինյանն ու Քըլըչի հետ հանդիպած իր ենթակաները տվե՞լ են արդյոք թուրք-ադրբեջանական պահանջների կատարման նոր հավաստիացումներ, թերեւս կիմանանք առաջիկա զարգացումներից, ինչպես միշտ է լինում, բայց մի բան փաստ է, որ հայ-թուրքական սահմանի բացումը Թուրքիան աներկբայորեն պայմանավորում է հայ-ադրբեջանական գործընթացով։
Հիմա, փաստացի, Անկարան ժամկետ է նշում, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստվի նոր զիջումների։ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ժամկետի լրանալը կամ դրա մոտենալուն պես պետք է կատարի Ալիեւի հանձնարարած տնային աշխատանքը ու, հավանաբար, պատահական չէ ո՛չ, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովի շրջանակում Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաեւ զույգի ակտիվացումը, ո՛չ Փաշինյանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը, թե` առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստ եւ նոր Սահմանադրության վրա աշխատանքները մտնում են ակտիվ փուլ։ Չէ՞ որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը գլխավոր «վարժությունն» է Ալիեւի` Փաշինյանին հանձնարարած «տնային աշխատանքի» ցանկում։ Իշխանությունը, թերեւս, պետք է ձգտի հնարավորինս արագ նոր Սահմանադրության նախագիծ մշակել եւ անցկացնել։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հրապարակ»-ին ասում է 2026 թ առաջին կեսը համընկնում է նախընտրական կամպանիային, ինչը նշանակում է, որ Անկարան մտադիր է աջակցել Փաշինյանի վերարտադրվելու ձգտումներին եւ Ադրբեջանի հետ համաձայնագրի վերջնական ստորագրումը կազմակերպել այնպես, որ այն ծառայի Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական շահերին։
«Չի բացառվում, որ ստորագրեն համաձայնագիրը` պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի Սահմանադրության փոփոխությունից հետո»,-ասում է քաղտեխնոլոգը։ Մեր զրուցակիցը շեշտում է` դա հնարավորություն կտա Փաշինյանին ընտրություններից առաջ մանիպուլացնել ժողովրդին եւ ասել, թե ահա՛, վերջնական համաձայնագիրը ստորագրված է, բայց եթե խաղաղություն եք ուզում` պետք է հանրաքվեի գնալ։
Ըստ Բադալյանի, թեեւ իրավական խնդիր կա ընտրություններին զուգահեռ հանրաքվեի անցկացման հնարավորության հետ կապված, բայց, ըստ նպատակահարմարության, իշխանությունը կգնա նաեւ օրենքը շրջանցելու ճանապարհով, եթե դա բխի իր շահերից։
«Անկարան ասում է, թե ինչ է լինելու, իսկ նրա ենթական կատարում է»,- շեշտում է Բադալյանը։ Քաղտեխնոլոգը դժվարանում է պատասխանել հարցին, թե արդյոք այս անգա՞մ էլ Փաշինյանին կհաջողի խաբել ժողովրդին ու նրա վրա վաճառել իր երազած խաղաղության թուղթը։ Ինչպես նշում է Արմեն Բադալյանը, այս փուլում դժվար է. «որովհետեւ ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու»։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար