08/11/2025

Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի թեմայով ՔՊ-ն արտահերթ նիստ է կազմակերպել

Քաղպայմանագիրը երեկվա հայտնի դեպքերից հետո ուշ երեկոյան վարչության արտահերթ նիստ է հրավիրել, մասնակցել են նաեւ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը, վարչությունը քննարկել է տեղի ունեցածը, հայտնի է, որ առավոտյան լրատվամիջոցները իրենց էլեկտրոնային փոստերին ուղարկված մի նամակ հրապարակեցին, որով իբր անանուն աղբյուրը պատմում է, որ Հայկ Սարգսյանն Ալեն Սիմոնյանի՝ կուսակցությունից հեռացնելու հարց է բարձրացրել, քանի որ բուքմեյքերական ընկերություններին շահութահարկով հարկելու իր նախագիծին դեմ է եղել, իբր նրանցից մեկի շահերն է պաշտպանել։

Ավելի ուշ ՔՊ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ հենց Հայկ Սարգսյանն է խիստ նկատողություն ստացել՝ ըստ ամենայնի՝ կուսակիցների հասցեին չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու համար, նաեւ ակնարկել էին, որ նորից կքննեն Սարգսյանի վարքը, քանի որ կանոնադրությունը կրկին խախտել է, ՔՊ կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ պարտավոր են հարգել ուրիշների՝ կարծիք ունենալու իրավունքը, «քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք հայտնելու իրավունքը»։

Թե ինչ որոշում է կայացվել երեկվա քննարկման արդյունքում, ՔՊ-ականները հրաժարվում են մանրամասնել, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ Սարգսյանի օրերը ՔՊ-ում հաշված են՝ կամ կհեռացնեն, կամ ինքնակամ կլքի կուսակցությունը։

Այսօր Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սիմոնյան-Սարգսյան կոնֆլիկտին նույնպես փակագծեր չի բացել․«Երեկ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել, հրավիրվել են բոլոր գործընկերները, մանրամասն քննարկում է տեղի ունեցել եւ եզրակացությունները մնացել են նույնը։ Ընդհանրապես ցանկացած հարցի բերումով, եթե մենք կայացնում ենք որեւէ որոշում, եթե կա նոր հանգամանք, որեւէ խոչընդոտ չկա , որ այդ թեմային նորից վերադառնանք», ասել է Փաշինյանը։