27/09/2025

Որքանով են Հայաստանում քաղաքականապես «անկախ»՝ այդ անկախ հանձնաժողովները

Հետեւում եմ ՀԷՑ-ի աշխատավարձերի վերաբերյալ հանրայնացումներին: Կառավարող ուժը իր ներկայացուցիչը նշանակելուց հետո հայտարարում է, որ մինչ այդ ՀԷՑ պաշտոնյաները ստացել են աստղաբաշխական աշխատավարձեր:

Սեփականատեր Սամվել Կարապետյանի թիմը հերքում է, ներկայացնելով որոշակի փաստեր: Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու՞ ոչ ոք չի ուզում կազմակերպել այն բանավեճը, որի առաջարկը անում է ՀԷՑ նախկին գործադիր տնօրենը՝ կառավարության նշանակած տնօրենին ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հրավիրելով բանավեճի:

Ներեցեք, բայց ինչ անհեթեթ բանավեճեր ասես, որ չեն կազմակերպվում, էական եւ կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերից բացի:

Ընդ որում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հանգամանքը այստեղ առանցքայինն է:

Ի՞նչ է նշանակում, թե ՀԷՑ պաշտոնյաները ստացել են բարձր աշխատավարձ ու պարգեւավճար: Կա շատ պարզ մեխանիզմ, որ գոյություն ունի համաձայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների: Դա ՀԾԿՀ կոչվածն է: Հանձնաժողով, որի գործն է հետեւել, թե այսպես ասած բնական մենաշնորհ ունեցող կազմակերպություններում որքանով են աշխատավարձերը տրամաբանված, հիմնավորված, եււ դրանք որքանով են ազդում սակագնի վրա:

Եթե այդ հանձնաժողովը աշխատում է, ապա թեման փակվում է միանգամից: Հանձնաժողովը սահմանում է, որ կա չհիմնավորված բարձր աշխատավարձ, որը բարձրացնում է սակագինը: Հիմա, ինչու՞ մինչեւ հիմա ՀԾԿՀ որեւէ ձայն չի հանել այս առնչությամբ: Ես նկատի ունեմ նաեւ այն ժամանակահատվածը, երբ Սամվել Կարապետյանը չէր արել եկեղեցու վերաբերյալ իր հայտնի հայտարարությունը:

Երբ այս գործընթացում չկա ՀԾԿՀ, ապա ակնառու է, որ կա ընդամենը պարզ տեղեկատվա-քարոզչական արշավ, այն դեպքում, երբ ՀԷՑ պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստացել են մասնավոր ընկերության ռեսուրսից: Կրկնեմ, եթե այդ հանգամանքը ազդեցություն է ունեցել սակագնի վրա, ապա դա պետք է բարձրաձայնած լիներ ՀԾԿՀ կոչվածը, եւ շատ վաղուց: Դա այդ հանձնաժողովի «ամենօրյա» գործն էր:

Բայց իհարկե բոլորս հասկանում ենք, թե որքանով են Հայաստանում քաղաքականապես «անկախ»՝ այդ անկախ հանձնաժողովները:

Մինչդեռ, հանրությունը վճարում է հենց այդ մեխանիզմի աշխատանքի համար, որպեսզի այդ մեխանիզմը մատուցի իսկապես հանրային ծառայություն, այլ ոչ թե քաղաքական՝ ըստ պահի նպատակահարմարության:

Այստեղ է այս պատմության հիմնարար խնդիրը: Որովհետեւ այդ մեխանիզմի աշխատանքն է պետության ինդիկատորը:

Հակոբ Բադալյան