28/09/2025

Ոնց մոռանաս «հաղթելու» ենք պարարտ որդով կարթը, որով բռնեցին ու բթացրին մարդկանց զգոնությունը

Ինքնաթիռից իջա ու Երևանյան սառն օդը սուր ապտակեց կորցրած աշնան մասին, կորսված երազների ու Անկատար կյանքի մասին: Մեր կիսատ մնացած աշունը:

Էդ հիշողությունն ամեն օր ու ամենուր է մեզ հետ. ով որտեղ ուզում է լինի:

Իմ պատերազմն ԱՆավարտ է:

Սեպտեմբերի 27- ից մինչև կյանքիս վերջ՝ անավարտ, քանի դեռ չի վերկանգնվել հայի արժանապատվությունը:

Իմ Արցախը եղել է ու կմնա հայկական.

ես այն տեսնում եմ Արցախցու պարզ ու կապույտ աչքերի մեջ,

եկեղեցու զանգերի ու իմ ամեն աղոթքի մեջ:

Ես փնտրում եմ Արցախը պատարագիչ քահանայի քարոզի, իրար հանդիպող ընկերների խոսակցության մեջ ու բոլոր այն պատկերներում, որոնք մասունքի պես եմ պահում հիշողությանս մեջ:

Չեմ լացում չէ, արցունքներս թողեցի ամեն օր ՝ 44 օր անընդմեջ արնածորող երկրիս կանչի մեջ, որին չկարողացա օգնել,

հերոսաբար կռվող զինվորներին ապասելիս, որոնց չկարողացա փրկել,

Նրանց սրտատրոփ սպասող Մայրերի աչքերում թողեցի արցունքներս, որոնց չկարողացա պաշտպանել,

արցունքներս թողեցի իմ արնաշաղախ հողի ու աղոթքներովս հանդերձ հազարավոր կորցրած սրբատաշ եկեղեցիներիս մեջ…

Արցունքներս հեղեղատներ դառնային ու սրբեին- տանեին Երկրիս թշնամուն. ներսից մաքրելով գնային ու սրբեին Հայաստան Աշխարհս ցավից, թշնամուց ու մատնիչ անհայրենիքներից:

Չէ, հիմա չեմ լացում. ցամաքել եմ, էն ջրերի պես, որ մնացին թշնամուն, էն լեռների նման, որ մեզ պահում էին դարերով, իսկ մենք չպահեցինք, էն Երկրի նման որի սրտում սեպով խրեցին ԱՆՀԱՅՈւԹՅՈւՆԸ…

Անհայ Արցախը պիտի անեծք դառնա աշխարհի համար:

Ու չէ, ես չեմ լացի:

ես ապրում եմ. ես ու հազարավոր հայեր ապրում են, հա, օրվա հոգսը հոգում, ծնունդ անում կամ դասի գնում, հոգնում կամ աշխատում, ծիծաղում են նույնիսկ, այո, ու խելագարվում են շատ… անզորությունից, իրենց անզորության ականների վրա են հաճախ պայթում, բայց ՉԵՆ ՄՈՌԱՆՈւՄ:

Ոնց մոռանաս «հաղթելու» ենք պարարտ որդով կարթը, որով բռնեցին ու բթացրին մարդկանց զգոնությունը:

Ո՞նց մոռանաս «հանուն ոչնչի» հատուկ զոհած մի ամբողջ ոսկյա սերնդի կորուստը,

ոնց մոռանաս մի Սրբազան Երկրի կորուստը՝ թշնամուն գրիչով նվեր տված, ու ողբերգության տապանաքարով բոլորիս հողի մեջ թաղած…

ո՞նց մոռանաս գերության մեջ մաշվողներին, քայքայված ու տարագիր դարձած մի ամբողջ ժողովրդի՝ ինքս ինձ ես ո՞նց մոռանամ….Ո՞նց մոռանամ, կամ ո՞ր մեկը մոռանամ

Չեմ լացում:

Ապրում եմ ու տեսնելու եմ նորից իմ Արցախը հայկական:

Նազենի Հովհաննիսյան