16/10/2025

Իսրայելի պատվերով Ադրբեջանը նոր ճակատ կբացի արդյոք Իրանի դեմ

Բաքվում «Իսրայելի տան» համակարգող, Իրանի հարցերով փորձագետ Լև Սպիվակը հարցազրույց է տվել ադրբեջանական իշխանամետ minval.az-ին և զարգացրել այն տեսակետը, որ Իրանը դեմ «նոր պատերազմն անխուսափելի է»:

Նրա գնահատմամբ, դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպես կհասցվի նոր հարվածը, բայց «ամենայն հավակնությամբ դա տեղի կունենա»:

Իսրայելցի փորձագետն այդ գնահատականը հիմնավորում է նրանով, որ, չնայած Գազայում երկու տարի ընթացող պատերազմին, ՀԱՄԱՍ-ը ոչ միայն «չի պարտվել, այլև թույլ է տալիս առարկել ԱՄՆ նախագահին և նրա առաջարկած կարգավորման ծրագրի դեմ առարկություններ է ներկայացնում»:

Սպիվակի դիտարկմամբ, «թեև «Հըզբալան» ներկայումս «նիրհած է», իսկ հութիները ենթարկվում են պատժիչ հարվածների, ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել»: Նա համարում է, որ «միջուկային Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև արաբական երկրների և Ադրբեջանի համար»:

Իսրայելցի փորձագետը գնահատում է Իրանի պատասխան հնարավորությունները և եզրահանգում, որ թեև իրանական «օդուժի համար Իսրայելի տարածքն անհասանելի է, բայց հարձակման կարող են ենթարկվել տարածաշրջանում հրեական պետության դաշնակիցները»:

Ակնհայտ է, որ այդ հարցազրույցը կազմակերպվել է Իսրայելի և Ադրբեջանի պատկան մարմինների և քաղաքական վերնախավի համաձայնությամբ, Սպիվակի «ենթադրությունների» հետագիծը բավական ընդարձակ է, եզրահանգումները՝ խիստ զգաստացնող:

Այս առումով խնդիր է, թե ո՞րն է ադրբեջանական մամուլում բացահայտ հակաիրանական այս հրապարակման բուն մոտիվացիան: Բաքուն Իրանի դեմ «նոր պատերա՞զմ է կանխատեսում», թե՞ Իսրայելի կառավարությունն Ալիևին «ինչ-որ բա՞ն է հասկացնում»:

Դա, սակայն, իսրայելա-ադրբեջանական, որոշ իմաստով նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթի խնդիր է: Չափազանց էական է, որ Գազայում հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը կարող է Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստության խորքային իմաստ ունենալ:

Բացառված չէ, որ Գազայի և Պաղեստինի պետականության հարցում արաբա-իսլամական աշխարհին «զիջումներ անելու» դիմաց Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում փորձի ձևավորել հակաիրանական լայն կոալիցիա:

Իրանը լրջագույն խնդիրներ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ: Դրանց կարող է գումարվել նաև իրանա-ադրբեջանական լարվածությունը: Եթե նման սցենար առնվազն դիտարկվում է, ապա Հայաստանի համար դա մարտահրավեր է: