Հայաստանում տարածված է, որ հինգ տարի առաջ «Արծրուն Հովհաննիսյանը քառասունչորս օր ժողովրդին «հաղթելու ենք» է ասել և խաբել»:
Իրականում տասնյակ հազարավոր մարդիկ, որ Արցախում ծառայող որդի, եղբայր և հարազատ են ունեցել, իրականությունն իմացել են պատերազմի հենց առաջին օրվանից:
Հազարավոր հայրեր և եղբայրներ Հայաստանից մեկնել են Արցախ, կանգնել իրենց զավակների կողքին: Շատերն այդպես էլ նրանց տեսությանը չեն արժանացել: Այդ ողբերգական ճշմարտությունը չէր կարող գաղտնի մնալ:
Պատերազմի առաջին օրվանից տասնյակ հազարավոր արցախցիներ տեղափոխվել են Հայաստան: Գորիսում և Վարդենիսում այդ շարժն աննկատ չէր: Սյունիքում բոլորն են տեսել, թե հոկտեմբերի 8-ից հետո Հադրութն ինչպես է դատարկվում: Շուրջ տասնհինգ հազար հադրութցի Հայաստան է մտել Խնձորեսկի ճանապարհով:
Ոչ մի երկրի պաշտոնական քարոզչություն պատերազմի ճշմարտությունը չի ներկայացնում: Բայց երբ հինգ տարի առաջ այս օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ զենք է վերցնում և որպես շարքային գնում է ռազմաճակատի առաջնագիծ, դիտողունակ մարդու համար պարզ պիտի լիներ, թե որքան ծանր է իրավիճակը:
Մոտ մեկ շաբաթ հետո Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի պաշտոնական էջում լուսանկար հրապարակեց Հադրութի «Թութակներ» կոչվող տեղամասից: Եվ հասկանալի եղավ, որ թշնամին Հադրութ քաղաքը գրավել է, ռազմաճակատի հարավային բնագիծը փլուզված է, որովհետև Արցախի նախագահի կողքին նրա գլխավոր խորհրդականն էր, մի խումբ աշխարհազորայինն էին:
Այդ օրերին Արցախի մի քանի նախկին զինվորականներ, առաջին պատերազմի մասնակիցներ հայաստանյան մամուլին «աշխույժ» հարցազրույցներ էին տալիս և վստահեցնում, որ Շուշիի մատույցներ «ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերը հեշտ որս կդառնան, հենց որ տեղա առաջին ձյունը, և նրանց հետքերը չճշտվեն»:
Դա կազմակերպված ապատեղեկատվությո՞ւն էր, թե՞ մարդկանց ոգեւորելու հնարք: Փաստն այն է, որ Ստեփանակերտում ոչ ոք այդ հավաստիացումներին «մանանեխի հատիկի չափ» հավատ չէր ընծայում. քաղաքի կենտրոնից անզեն աչքով տեսանելի էր թշնամու առաջխաղացումը:
Եվ ողջամիտ մարդիկ զարմանում էին, թե նահանջող հայկական զորքերն ինչո՞ւ գոնե անտառային ճանապարհները չէին ավերում:

Բաց մի թողեք
Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում
Նիկոլ Փաշինյանի արձակուրդային ուշագրավ ընտրությունը
Երբ հայ նախարարը գրում է. «Այլևս հնարավորություն ունենք», նույնն է, թե Դոստոևսկին գրեր. «Я русскую школу скончался»