26/10/2025

Մոսկվան Բաքվում քաոս է բեմադրում և Ալիևից կպահանջի վաշինգտոնյան համաձայնություններից նահանջե՞լ

Ադրբեջանական մամուլը շարունակում է վստահաբար պնդել, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևին Դուշանբեում Իլհամ Ալիևին «մատնել է Վլադիմիր Պուտինը»:

Ընդ որում, ըստ տեղեկությունների, Ռուսաստանի նախագահն Ալիևի «առջև բացահայտել է Մեհթիևի գործակալական ցանցը»:

Մեհթիևի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ: Ոչ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, ոչ գլխավոր դատախազությունը դեռևս այդ տեղեկությունը պաշտոնապես չեն հաստատել, հայտնի չէ, թե նրան կոնկրետ ի՞նչ փաստական մեղադրանք է առաջադրված:

Բաքվի լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե նախկին և գործող պաշտոնյաներով բոլորը բոլորին մատնելու և Իլհամ Ալիևին հավատարմության երդում տալու մոլուցքի մեջ են:

Իրավիճակի շուրջ որևէ մեկնաբանություն չի արել նաև Իլհամ Ալիևը, թեև ներքաղաքական ճգնաժամն ակնհայտ է: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Ալիևը Պուտինից տեղեկություններ չի ստացել, պարզապես առիթն օգտագործում է, որպեսզի «ավգյան ախոռները մաքրի» և բյուրեղացնի նոր համակարգ, որը լռելյայն կընդունի Ադրբեջանում ժառանգական իշխանություն հաստատելու ծրագիրը:

Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում դա, թերևս, կլիներ օպտիմալ սցենար: Այդուհանդերձ, չպետք է բացառել, որ, օգտագործելով Ալիևի քինախնդիր բնույթը, նրան «ներքաշել են ծուղակի մեջ»:

Չափազանց արտառոց է, որ ռուսաստանյան և թուրքական մամուլը չի անդրադառնում Մեհթիևի կալանավորմանը, Ադրբեջանում «զինված պետական հեղաշրջման փորձին»: Մանավանդ որ Բաքվի գրեթե բոլոր լրատվամիջոցները Մեհթիևի «իշխանազավթման ծրագիրը» կապում են Մոսկվայում նրա «հովանավորների» հետ:

Սոցիալական մեդիայում տարածվել է Մեհթիևին վերագրվող հայտարարություն, ըստ որի՝ լսելով Հեյդար Ալիևի մահվան լուրը, Իլհամ Ալիևը մտադիր է եղել «փախչել արտերկիր՝ խուսափելով վրեժխնդրությունից»: «Ես եմ նրան նախագահ դարձրել, այդպե՞ս է նա վարձահատույց լինելում»,- ասել է Մեհթիևը:

Շատ հավանական է, որ տեղեկատվական այս արտահոսքն ավելի խորքային իմաստ ունի, Իլհամ Ալիևը չէր կարող փոխարինել հորը, եթե չունենար Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի անվերապահ աջակցությունը:

Այդ իրողությունը չհրապարակայնացնելու, Ադրբեջանում սուր ներքաղաքական ճգնաժամ չսադրելու դիմաց Մոսկվան Ալիևից կպահանջի վաշինգտոնյան համաձայնություններից նահանջե՞լ: