30/10/2025

Ուկրաինայի հարցում Պուտինին չի հաջողվում ստանալ ոչ միայն ԱՊՀ, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետությունների աջակցությունը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ղազախստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը:

Հոկտեմբերի 28-ին կայացել է երկու նախագահների առանձնազրույցը, ապա Կասիմ Ժոմարթ Տոկաևը և Ալեքսանդր Ստուբը մասնակցել են Աստանայում գումարված ղազախա-ֆիննական գործարար խորհրդաժողովին:

Բանակցությունների ավարտին տարածվել է Ղազախստանի և Ֆինլանդիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որի չորորդ կետով կողմերը վերահաստատում են միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնդրության հիման երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը՝ «հարգելով բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Կողմերը գտնում են, որ միջազգային և միջպետական հարաբերություններում առկա և ծագող բոլոր տարաձայնությունները «պետք է կարգավորվեն խաղաղ-բանակցային ճանապարհով և բացառապես դիվանագիտական գործիքակազմի կիրառմամբ»:

Ֆինլանդիայի նախագահի Ղազախստան այցից երկու օր առաջ կայացել է Վլադիմիր Պուտինի և Կասիմ Ժոմարթ Տոկաևի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերահաստատվել է վերջինիս Մոսկվա պետական այցը: Այն կկայանա նոյեմբերին, կոնկրետ օր դեռևս չի նշվում:

Նոյեմբերի 6-ին Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը, ով նախկինում պաշտոնավարել է որպես արտաքին գործերի նախարար, հայտնի է ուկրաինական կարգավորման հարցում կոշտ դիրքորոշմամբ: Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից հետո:

Տպավորություն է, թե նա, որպես Ֆինլանդիայի արտգործնախարարի պաշտոնում ավելի վաղ Ղազախստան այցելած և Տոկաևի հետ անձնական ծանոթություն ունեցող պետական գործիչ, Աստանա է մեկնել ոչ այնքան գործարար խորհրդաժողովին մասնակցելու, որքան Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ համատեղ հայտարարություն տարածելու նպատակով, որով պաշտոնական Աստանան ևս մեկ անգամ հավաստում է բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու և վիճելի հարցերի խաղաղ կարգավորելու հանձնառությունը:

Ուկրաինայի հարցում Վլադիմիր Պուտինին այդպես էլ չի հաջողվում ստանալ ոչ միայն ԱՊՀ, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ պետությունների աջակցությունը: Ղազախստանի և Ֆինլանդիայի նախագահների համատեղ հայտարարությունն, անկասկած, Տոկաևի Մոսկվա այցին ընդառաջ Պուտինին ուղերձ է: Տոկաևը բացահայտ հասկացնում է, որ Ուկրաինայի հարցում Ղազախստանն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը չէ: