Ամեն օր Իջեւան քաղաքի կենտրոնում, ավտոկայարանում կարելի է տեսնել Դիլիջան քաղաք, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ եւ այլ գյուղեր մեկնողների, ովքեր մոտենում են Իջեւան-Երեւան երթուղու միկրոավտոբուսների վարորդներին եւ հարցնում՝ կարո՞ղ են Երեւան մեկնող միկրոավտոբուսում նստել։
Հրապարակ թերթը գրել է․ Երեւանցի վարորդը նրանց պատասխանում է, որ երբ Երեւան մեկնողները՝ բոլորը տեղավորվեն, իրենք եւս կարող են տեղավորվել։ Լինում են դեպքեր, երբ Իջեւանից Դիլիջան քաղաք, Հովք, Հաղարծին, Թեղուտ մեկնողները ստիպված են լինում մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ անցնել միկրոավտոբուսում կանգնած։ Հաճախ Դիլիջան, Դիլիջանի գյուղեր մեկնողները կանայք են լինում, Երեւան մեկնողներն ընկնում են անհարմար դրության մեջ, ոմանք, բարեկրթությունից դրդված, հասարակական տրանսպորտում իրենց տեղը զիջում են գյուղեր մեկնող, ոտքի վրա մնացած կանանց։ Բազում տարիներ չեն գործում Իջեւան-Դիլիջան, Իջեւան-Բերդ, Իջեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղիները։ Սեփական ավտոմեքենա չունեցողները ստիպված են օգտվել տաքսիներից, սակայն սոցիալապես անապահով շատերը տաքսու փող չունեն։
2021թ․ ապրիլի 8-ից որպես Տավուշի մարզպետ պաշտոնավարող Հայկ Ղալումյանը վերջին տարիներին բազմիցս նշել է, որ Տավուշի մարզում կգործարկվի միասնական երթուղային ցանց, կբարելավվի տրանսպորտային փոխադրումների վիճակը։ Անցյալ տարի՝ 2024-ին, Տավուշի մարզպետ Ղալումյանին տեղեկատվական հարցում էի ուղարկել, թե 2024 թվականին Տավուշի մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման համար ինչ աշխատանքներ են նախատեսված։ Մարզպետարանից պատասխանել էին. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականի ընթացքում նախատեսում է հայտարարել Տավուշի միջմարզային եւ ներմարզային միասնական երթուղային ցանցերը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթներ, որի շրջանակներում ամբողջությամբ կապահովվի՝ ա) Իջեւան-Երեւան, Իջեւան-Վանաձոր, Դիլիջան-Երեւան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Երեւան, Նոյեմբերյան-Վանաձոր, Բեր-Երեւան, Բերդ-Վանաձոր միջմարզային երթուղիների կանոնավոր սպասարկումը»։
Ներկայում Երեւանի հետ Իջեւան, Նոյեմբերյան, Բերդ համայնքների տրանսպորտային կապի առումով խնդիրներ չկան, նախկինում գործել ու այժմ էլ անխափան գործում են Իջեւան-Երեւան, Նոյեմբերյան-Երեւան, Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղություններով միկրոավտոբուսային երթուղիներ։ Բերդ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ հասարակական տրանսպորտ՝ միկրոավտոբուս կամ ավտոբուս չի գործում, սակայն այդ երթուղում ակտիվ աշխատում են տաքսի ավտոմեքենաները։ Տավուշի մարզի ձեւավորումից 29 տարի է անցել, սակայն մարզի համայնքները մարզկենտրոն Իջեւանին կապող հասարակական տրանսպորտի երթուղիներ մինչ օրս չեն գործում։ Այս տարի մարզպետ Հ. Ղալումյանին կրկին հարցում եմ արել, թե վերջապես երբ մարզում կգործարկվի իր խոստացած միասնական երթուղային ցանցը։ Մարզպետարանից պատասխանել են․ «Միասնական երթուղային ցանցը ստեղծվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից»։
Տավուշի մարզպետի աշխատակազմը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տարածքային ստորաբաժանումն է, մարզպետն ինչո՞ւ տեղյակ չէ, թե երբ կգործարկվի այդ ցանցը։ Ինչ է` նախարար Դավիթ Խուդաթյա՞նը պետք է այն ստեղծի, թե՞ Երեւանում գտնվող նախարարության աշխատակազմը: Իսկ ինչո՞վ է զբաղված մարզպետարանը, եթե նման հարցեր էլ չի կարողանում լուծել: Եվ, առհասարակ, այդ երթուղին մի օր կգործարկվի՞, թե՞ ոչ։






Բաց մի թողեք
Վեհափառի դեմ այս շարժումը Սյունիքը հանձնելու գործընթացին նախորդող քա՞յլ է
Ոստիկանությունը ճիշտ կաներ, եթե այդպես բերանները փակելով եկեղեցուց դուրս բերեր կեղծ հոգևորականներին․ Հայկ Դորունց
Բաքվում աղոթում են, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հաղթի 2026-ի հունիսի 7-ին