Սեպտեմբերի 15-ին հերթական սկանդալը պայթեց հայկական լրատվամիջոցներում․ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով մարդ էին ծեծել՝ քաղաքից դուրս գտնվող մի լքված գործարանի տարածքում։
Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին ԶԼՄ-ներին պատմել էր ծեծված տղամարդու կինը։ Երեկ մեզ ահազանգեցին, թե այս դեպքով նախաձեռնված վարույթը քննիչները փորձում են շուռ տալ ծեծվողի՝ Կադաստրի կոմիտեի Շենգավիթի գրասենյակի սրահի նախկին պատասխանատու Արթուր Կնյազյանի դեմ:
Նրա դեմ գործ են հարուցել, խափանման միջոց կիրառել՝ վարչական հսկողություն: Նա հիմա «բրասլետ» է կրում, իսկ Սուրեն Թովմասյանը չաղ ու բախտավոր շարունակում է պաշտոնավարել եւ ընդամենը վկայի կարգավիճակ ունի։
Կնյազյանը, կնոջն աշխատանքից ազատելու փաստից վրդովված, եկել է Կադաստրի կոմիտե, որ պետի մոտ մտնի, սակայն թույլ չեն տվել, դուրս է եկել եւ «հաղորդագրություն է ուղարկել՝ հայհոյանքներով»,- պատմում է մեր աղբյուրը:
Հետո մոտ 4-5 տասնյակ մարդ գնացել են եւ խմբակային ծեծի ենթարկել Կնյազյանին: Գործ է հարուցվել, բայց մեղադրյալի կարգավիճակ, մեր տեղեկություններով, ունի միայն 2 անձ՝ ոմն Ռոման, Շենգավիթից, եւ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանի եղբայրը՝ Խաչատուր Խաչատրյանը։
Նրանց մեղադրանքներ են առաջադրված ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առողջությանը խմբով միջին ծանրության վնաս պատճառելը, 191-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարդուն խմբով առեւանգելը։ Տեղեկություն կա, որ քննիչները շուտով հանելու են առեւանգման վերաբերյալ մեղադրանքը, թեեւ հայտնի է, որ Արթուր Կնյազյանին բռնությամբ տեղափոխել են ու ապօրինաբար պահել։ Ծեծի գործով կալանավորված անձ չկա։ Ռոմանի նկատմամբ տնային կալանք են կիրառել, իսկ Խաչատուր Խաչատրյանից չբացակայելու ստորագրություն են վերցրել։
Հիշեցնենք․ Կադաստրի կոմիտեի աշխատակից, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Վերոնիկա Միքայելյանին ազատել էին աշխատանքից, որից հետո նրա ամուսինը՝ Արթուր Կնյազյանը, կոպիտ sms է գրել կնոջ ղեկավարին, ինչին էլ հետեւել է դաժան հաշվեհարդարը։ Քննչական կոմիտեից չեն ցանկանում տարրական հարցերի պատասխանել, անգամ չեն ասում, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել ծեծողներին, եւ ճի՞շտ է արդյոք, որ ընդամենը երկու մեղադրյալ կա գործում։ Ի սկզբանե պարզ էր, որ Քննչական կոմիտեն չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել Կադաստրի կոմիտեի նախագահին: Դեպքից անմիջապես հետո, դեռ նախաքննությունը չավարտված, երբ վարույթը նոր էր նախաձեռնվել, ՔԿ-ն, առանց գրավոր հարցումների սպասելու, հաղորդագրություն տարածեց՝ ցույց տալով, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի թիկունքին ամուր կանգնած է. «Տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը եւ գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առեւանգման եւ ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»:
Մինչդեռ Արթուր Կնյազյանի կինը՝ Վերոնիկա Միքայելյանը վստահ է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարը եւ գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանն են ղեկավարել «օպերացիան»: «Մհեր Խաչատրյանի եղբայրը եղել է դեպքի վայրում, սա անհերքելի փաստ է, նրան մեղադրանք են առաջադրել»,- ասում է Վերոնիկա Միքայելյանը:
Քննությանը մոտ կանգնած անձը պատմեց, որ գործով վկա Սուրեն Թովմասյանը ցուցմունք է տվել առ այն, որ միջադեպի ժամանակ ինքը գտնվել է Մհեր Խաչատրյանի տանը: Ասում են՝ նրանք զանգերով անընդհատ հեռախոսակապով կառավարել են ծեծողների՝ Ռոմանի եւ Մհեր Խաչատրյանի եղբոր գործողությունները։ Այս լուրերի իսկությունը ստուգելու համար երկար-բարակ քննություն պետք չէ՝ բավական է ընդամենը վերծանել Թովմասյանի եւ Խաչատրյանի հեռախոսազանգերը, եւ պարզ կլինի, թե արդյոք Սուրեն Թովմասյանն ու Մհեր Խաչատրյանը կապ ունեցե՞լ են Կնյազյանին ծեծողների հետ, թե՞ ոչ։
Ըստ տարածված եւ քննչականի կողմից չհերքված տեղեկությունների, ծեծողները եղել են 40-50 հոգի: Զարմանալի է, որ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 2 անձի։ «Զուտ Աստված է փրկել, որ ամուսինս ողջ է մնացել: Ողերն են ջարդել, ակնակապիճներն են վնասել, գանգուղեղային բազմակի վնասվածքներ է ստացել, ձախ աչքն արդեն երկու ամիս է՝ չի տեսնում։ Նոր-նոր սկսել է վերականգնվել տեսողությունը»,- գանգատվում է Վերոնիկա Միքայելյանը: Փոխարենը Արթուր Կնյազյանի նկատմամբ են մեղադրանք առաջադրել՝ այն բանի համար, որ նա զայրացած պահին ձայնային «ոչ հաճելի» հաղորդագրություն է ուղարկել Սուրեն Թովմասյանին՝ կոպտել նրան: Քննիչները Կնյազյանի sms հաղորդագրության մեջ սպառնալիք են լսել, որոշել են, որ նա խոչընդոտել է պաշտոնյայի գործունեությունը: Քրեական գործը նրա դեմ հարուցված է ՔՕ 452-րդ հոդվածի՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը», առաջին մասով՝ սպառնալիք։
Պարզվում է` Թովմասյանի ղեկավարած հիմնարկում անառողջ բարքեր են տիրում։ Կադաստրի աշխատողները պատմում են, որ Թովմասյանի եւ Կադաստրի կոմիտեի Շենգավիթի գրասենյակի սրահի նախկին պատասխանատու Արթուր Կնյազյանի հարաբերությունները վաղուց են լարվել՝ դեռ քովիդի ժամանակներից։ Ասում են, որ Թովմասյանը, շրջայց կատարելով կոմիտեի գրասենյակներով, կոպիտ դիտողություն է արել Շենգավիթի սրահում աշխատող աղջիկներին։ Արթուր Կնյազյանը պաշտպանել է իր ենթականերին՝ ասելով, որ դիտողությունը սխալ է։ Հենց այդ ժամանակ էլ ծագել է առաջին կոնֆլիկտը նրանց միջեւ։ «Թովմասյանն «արա»-ով է խոսել Կնյազյանի հետ, վերջինս էլ տակ չի մնացել։ Դե, Կնյազյանն էլ հեշտ անձնավորություն չէ»,- ասում է կադաստրի մեր աղբյուրը։
«Դրանից հետո համակարգը սկսել է աշխատել ամուսնուս դեմ։ Նույնիսկ Շենգավիթի գրասենյակը, որտեղ ամուսինս աշխատել է երկար ժամանակ, փակեցին, միացրին կենտրոնի հետ, որ ամուսնուս աշխատանքից ազատեն։ Նրան իր պաշտոնին անհամապատասխան աշխատանք առաջարկեցին, որին նա չէր կարող համաձայնել, ամեն ինչ արեցին, որ նա զզվի, դուրս գա»,- պատմում է Կնյազյանի կինը։ Ամուսնու՝ աշխատանքից ազատվելուց մի քանի ամիս հետո ինքը մասնակցել է քաղծառայության մրցույթին ու հաղթել, սակայն կոմիտեում չի ասել, որ Կնյազյանի կինն է։ «Երբ բաժնում իմացան, թե ում կինն եմ, արշավ սկսվեց իմ դեմ։ Սուրեն Թովմասյանն իր քարտուղարուհուն նշանակեց վարչության պետ, ու սկսվեցին իմ դժոխային օրերը Կադաստրի կոմիտեում»,- հիշում է Վերոնիկա Միքայելյանը։ Այս պատմության հերոսներից մեկն էլ՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանի հորեղբոր որդին է։







Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի