08/11/2025

Կարլսոնը՝ Կարապետյանին․ Փաշինյանը թվում է՝ մտադրված է քանդում եկեղեցին

Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հակաեկեղեցական արշավի, հոգևորականների դեմ շարունակվող հետապնդումների, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկման և այլ հարցերի շուրջ ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնը խոսել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի հետ։ Փոդքասթի սկզբում Կարլսոնը խնդրեց Նարեկ Կարապետյանին որոշ մանրամասներ ներկայացնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին։ Կարապետյանը համառոտ պատմական ակնարկ ներկայացրեց՝ շեշտելով, որ դարեր շարունակ հայ ժողովրդին միասնական է պահել եկեղեցին։

«Հայաստանն այսօր ունի վարչապետ, որ թվում է, թե մտադրված է քանդել քրիստոնեությունը կամ եկեղեցին»,- հարց ուղղեց Կառլսոնը։

Կարապետյանը նշեց, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կարլսոնն ապշած էր լուրից, որ այս պահին Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։

«Հանրությունը ցնցված էր, շատերն էին ցանկանում խոսել, բայց չէին կարող դա անել»,- ասաց Կարապետյանը։
Բացատրեց՝ ՀՀ վարչապետը դիրքավորվում էր որպես ժողովրդավար առաջնորդ, սակայն աստիճանաբար տեսնում ենք, թե ինչպես նրա գործելաոճն ավելի ու ավելի նման դառնում բռնատիրական ռեժիմին։ Պատճառն այն է, որ Փաշինյանի վարկանիշը գնալով մեր երկրում նվազում է։ Այս հանգամանքներում գործարար, բարերար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին 37 վայրկյան տևողությամբ հարցազրույց է տալիս, որում պաշտպանում է Հայոց եկեղեցին։ Դրանից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում, ԱԺ-ում ելույթ է ունենում, որից րոպեներ անց Սամվել Կարապետյանի տուն են գալիս իրավապահները։

«Նրանք հոդված էին փնտրում, որով կարող էին գործ հարուցել։ Հիշում է, որ քննիչներից մեկը ներս մտավ ու ասաց՝ ես գտել եմ հոդվածը, մյուս քննիչն ասաց՝ չէ, դա չի աշխատի»,- պատմեց Կարապետյանը։ Հավելեց՝ այսօր իշխանությունները ցանկանում են խլել նրա հայաստանյան բիզնեսներ, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է պաշտպանել իր եկեղեցին ու հավատքը։

«Նա կարող է ազատ լինել, կարող է իր բիզնեսների հետ լինել,բայց նա դա չի անում իր հավատքի համար, որովհետև եկեղեցին ու հավատքը կարևոր են»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Թաքեր Կառլսոնը նշեց՝ այս ամենը ոգեշնչում է, միաժամանակ՝ տխրեցնում։ Շնորհակալություն հայտնեց պայքարի համար՝ հավելելով, որ դա միայն Հայաստանի համար չէ, այլ՝ քրիստոնեության։