Պատկերացրեք այսպիսի մի վիճակ. քեռակնոջը «դոմփելու» կամ առնանդամը ցույց տալու գրառումից հետո դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժում են Նիկոլ Փաշինյանի գրասենյակ, ոլորում են նրա ձեռքերը, խուզարկում են այդ սենյակը եւ առգրավում են համակարգիչները, որպեսզի նա այլեւս երբեք չկարողանա վարչապետ աշխատել:
Դժվար է, չէ՞, պատկերացնել: Մինչդեռ հենց դա՛ կնշանակեր, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Ինձ բացարձակապես դուր չի գալիս, երբ ընդդիմադիրները խոսում են կամ գրում են, պայմանականորեն ասած, «նիկոլական բառապաշարով»:
Բայց, եթե նրանց ասածները կամ գրածները պետք է ունենան իրավական հետեւանքներ, ապա ՔՊ-ականների՝ ավելի գռեհիկ, ավելի խուլիգանական վարքագիծը պետք է արժանանա ավելի խիստ պատիժների: Ի դեպ, կարծում եմ, որ որեւէ ֆեյսբուքյան գրառման կամ եթերում խոսելու համար «մասկի-շոու» կազմակերպելը՝ ներխուժելը, խուզարկելը եւ առգրավելը բացարձակապես իրավաչափ գործողություններ չեն:
Ստատուս գրողին կամ եթերում խոսացողին կարելի է պարզապես հրավիրել քննչական մարմին՝ հարցաքննության: Բայց՝ ոչ. այդ շոուները հատուկ ՔՊ-ական «կայֆեր» են՝ նրանց պետք են կադրեր եւ լուսանկարներ, որոնցում իրենց ընդդիմախոսներին, նույն «նիկոլական բառապաշարով» ասած՝ «ծեփում են ասֆալտին», ստորացնում են:
«Մասկի-շոուն», որը ցավալիորեն հիշեցնում է այն, ինչ Բաքվում անում էին Արցախի ղեկավարների հետ, Հայաստանի իշխանավորների ինքնահաստատման ձեւն է եւ ուժի ցուցադրումը:
Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, խուլիգանություն անելու, վիրավորելու «առաջամարտիկը» Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է եւ նրա ստորադասները: Նրանց կողմից այդ հարցերում որեւէ մեկին մեղադրելը, կշտամբելը, կոռեկտության կոչեր անելը բավականին զվարճալի է:
«Խուժանական մթնոլորտը» ստեղծում են իշխանությունները՝ իրենց ֆեյքերի ֆաբրիկայով հանդերձ: Նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն որեւէ մեկից այլ վարքագիծ պահանջել:
Չնայած՝ ես դարձյալ պետք է «ոչ պոպուլյար» բան ասեմ՝ ընդդիմադիրները չպիտի մտնեն այդ մակարդակի լեզվակռվի մեջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում՝ միջազգային մամուլի մի քանի արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկին:


Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը