Մինչ միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարների ուշադրությունը սևեռված է ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի և դրա շուրջ փակ քննարկումների վրա, Գազայի հատվածում իրավիճակը կտրուկ սրվել է:
Նոյեմբերի 22-ին, ըստ իսրայելական աղբյուրների, ՀԱՄԱՍ-ը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ «ցանկացած պահի կարող է վերսկսել դիմադրության ռազմագործողությունները, եթե Իսրայելը հրադադարի խախտումներին վերջ չտա»:
Մոտենում է Շարմ էլ Շեյխի պայմանավորվածությունների երկրորդ փուլին անցնելու ժամկետը, իսկ ՀԱՄԱՍ-ը դեռևս չի վերադարձրել իսրայելցի երեք պատանդների աճյունները:
Նաթանյահուի կառավարությունը «չի կատարի պարտավորությունները, մինչև զոհված պատանդները հայրենիք չվերադարձվեն»,- լարվածության պատճառն այսպես են բացատրում իսրայելցի փորձագետները: Թուրքական մամուլն, ընդհակառակը, համոզված է, որ Իսրայելը «հնարավոր բոլոր միջոցներով երկարաձգում է պայմանավորվածությունների կատարումը, քանի որ նախապատրաստվում է նոր պատերազմի»:
Այս տեսակետն ամրապնդվում է Լիբանանի հարավում, հատկապես Բեքաայի հովտում իսրայելական բանակի վերջին օրերի գործողություններով: «Եդիոտ ահրոնոտի» ռազմական փորձագետ Այթմանի գնահատմամբ՝ «լիբանանյան բանակը «Հըզբալա»-ի դեմ անզոր է, ահաբեկչական կազմակերպության զինաթափման, նրա ենթակառուցվածքների ոչնչացման պատասխանատվությունը մնում է Իսրայելի Պաշտպանության բանակի վրա»:
Իսրայելական մամուլում գերիշխում է այն տեսակետը, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի «ցինիզմը, Լիբանանում «Հըզբալա»-ի ներուժի վերականգնման անթաքույց քայլերը համակարգվում են Իրանի կողմից, որտեղ նախապատրաստվում են հրեական պետության դեմ կանխարգելիչ հրթիռային հարվածների»:
Փորձագետներն, այսպիսով, եզրահանգում են, որ Իսրայելը «շարունակում է մնալ երեք ճակատով պատերազմական իրավիճակում»:
Այս ֆոնին խիստ ուշագրավ է Բաքվի իշխանական haqqin.az-ի հրապարակումը, որտեղ տեսակետ է գեներացվում, որ ուրանի հարստացման ծրագիրը դադարեցնելու մասին Իրանի պաշտոնական հայտարարությունը «ոչ թե կապիտուլյացիա է, ինչպես կարծում են անուղղելի լավատեսները, այլ գերազանց հաշվարկված դիվանագիտական ծուղակ»:
Հեղինակը համոզված է, որ Իրանը «վերականգնում է հրթիռային հզորությունը, և այդ մարտահրավերի միաժամանակյա հասցեատեր են Վաշինգտոնը, Բրյուսելը և Երուսաղեմը»:
Կարելի է ենթադրություն անել, որ Մերձավոր Արևելքի հավանական «թեժացումը» ձեռնտու է Իրանին, որովհետև Իսրայելի կենտրոնացումը Գազայում և Լիբանանի հարավում հնարավորություն է, որպեսզի Թեհրանն ավարտին հասցնի առնվազն ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգը:
Միաժամանակ, երևի, արժե հիշել, որ Շարմ էլ Շեյխի պայմանավորվածությունները ձեռք են բերվել նաև ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի քննարկումների արդյունքում, իսկ Անկարան այսօր Գազայում ռազմական ներկայություն իրավունք չի ստանում:
Վարկածը՝ վարկած, բայց Մերձավոր Արևելքի «թեժացումը» բոլոր առումներով մարտահրավեր է Հարավային Կովկասի կայունությանը:






Բաց մի թողեք
Ո՞նց եք նայելու բանտարկված սրբազանների աչքերի մեջ, հաջորդ կիրակի ուր կգնա իշխանական հավատացյալների խմբակը
… երբ կործանարար գործողությունները հանդուրժելի են դառնում
Թուրքական ինքնության հարցի շուրջ