13/12/2025

Գյումրին՝ ՔՊ-ի գրասենյակը չէ: Գյումրին դավաճաններին չի ներում …

«Այն, ինչ տեղի է ունենում մեր օրերում ի ցույց աշխարհի՝ խայտառակություն է ոչ միայն պետության, այլ ամբողջ ազգի համար և ու՞մ հայտնի չէ,որ մեր ժողովուրդը կանգնած է ամենածանր և ցավոտ իրավիճակների առաջ:

Մեծ կասկածի տակ է դրված  պետության կենսունակությունը, արյան գնով պաշտպանված հողն ու պատիվը»֊hraparak.am-ի հետ զրույցում ասում է »Կյանքի իրավունք» հ/կ֊ի նախագահ Ռուզան Ադանալյանը:

Իրավապաշտպանի խոսքով`շահարկելով առանձին անհատ հոգևորականներին վերագրվող անհիմն և մտացածին, այդ թվում նաև թմրանյութի հետ կապված զավեշտի հասնող տեղեկությունները, արհեստականորեն և անհայտ աղբյուրներից  ձեռք բերված ձայնագրություններն ու տեսագրությունները՝ իշխող ուժն իբր  եկեղեցին մաքրելու, սակայն քողարկված մտադրությամբ  լծվել է բարձրաստիճան հոգևորականներին կալանավորելու, եկեղեցին արատավորելու, քրիստոնեությունը վտանգի տակ դնելու պիղծ  նպատակներն իրականացնելու գործին։ «Իմ, և կարծում եմ  նաև շատերի համոզմամբ՝ ներկա պահին գործող վարչապետը զբաղված է եկեղեցին պառակտելու, հոգևորականների միջև սեպ խրելու, օտարների  և յուրայինների դասելու՝ «Բաժանի՛ր, որ տիրե՛ս» ամենշաբաթյա արագացված գործընթացով:

…Է՛լ թիկնապահների ու  ոստիկանական տարբեր բերետավորների, նախարարների, ՔՊ-ականների  ու  որոշակի շեղումներ ունեցող քաղաքացիներով համախմբված  բազմության  տեսարաններ,է՛լ կաթողիկոսի անունը հնչեցնող հավատացյալների նկատմամբ բռնության և բերման ենթարկելու գործողություններ և ամենակարևորը՝ կարգալույծ եղած քահանաների կողմից մատուցվող «Պատարագի մաստեր կլաս»…»,֊ ասում է մեր զրուցակիցը։

Դեկտեմբերի 7-ը 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի և ոգեկոչման օրն է։ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրն է որոշել մասնակցելու Գյումրու Յոթ վերք եկեղեցում մատուցվող պատարագին և հերթական անգամ հրաման իջեցրել՝ կամ պատարագի ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը կամ դրսից կբերվի մեկին,ով  կարող է լինել Նիկոլին միացած  եպիսկոպոսը: «Նրան  միացած հոգևորականները լավ են գիտակցում, որ տեղի ունեցողը բացարձակապես կապ չունի կաթողիկոսի, այս կամ այն եկեղեցականի հետ և դրա նշանակետն  ամիջականորեն ուղղված է հայ Առաքելական եկեղեցու գոյությանը:Ի՞նչ ասել, հուդաների պակաս չունենք, բայց մի հավելում՝ խորը կասկածներ ունեմ, որ ֆեյք ծեսերով վարչապետին հաճոյացող  հոգևորականները կարող  է  դավանափոխ  լինեն,մոլլա  դառնան,որ  մզկիթներում ծառայեն:Ցավ է, ինչ խոսք,առաջարկում եմ թույլ նյարդեր ունեցողներին՝ անգամ չհիշատակել  կեղծավորների անունները  և նրանց  դատն Աստծուն թողնել…և ինչու հատկապես Յոթ վերք եկեղեցում՝ կարծում եմ պայմանավորված է Միքայել Սրբազանի նկատմամբ ունեցած վրեժխնդրությունից:

Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով ամենայն հայոց կաթողիկոսին և, որ պատարագ մատուցելիս հոգևորականները չեն շեղվելու եկեղեցական կանոններից, հիշատակելու են հայրապետ Գարեգին Բ-ի և թեմի առաջնորդ՝ բարձրաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  անունները և, եթե բացի Շիրակի թեմի հոգևորականներից, որևէ մեկը   պատարագ մատուցի՝ կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է և խաթարված եկեղեցու օրինական գործողություններն ու հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:

Անփոփոխ է խորագետ  և իմաստուն  հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումը,որով էլ  դարեր շարունակ ամուր է  եղել  հարձակումների և հալածանքների դեմ:Պատարագը պատվերով համերգ չէ և այն կատարվում է կանոնական ընթացակարգով, իսկ եթե Նիկոլը չի ուզում լսել կաթողիկոսի անունը,ապա այն  բնավ իր ուզելով չէ:

Դատելով նախադեպերից, չի բացառվում, որ հնարավոր հերթական բախումները հրահրվեն, ԱԱԾ-ն մեր ու մանուկ ուրացած՝զենքերով եկեղեցի ներխուժի ու սկսվի  բռնապետական քաոսը: Նիկոլ Փաշինյանի այն հայտնի հայտարարությունը,թե՝ «Կա՞ էնպիսի  մի դատավոր,որ իմ ասածը չանի», որն իր մեջ պարունակում է արդարադատությանը միջամտելու ենթադրյալ հանագործություն և նրան փաստացի  ենթարկվում  են բոլորիս հայտնի դատավորներն,ապա այս դեպքում հոգևորականներն ինչու՞ չպետք է  ենթարկվեն  գրված եկեղեցական կանոններին և  ծառայեն Նիկոլի քաղաքական քմահաճույքներին:

Ըստ Նիկոլի, ամեն կիրակի գնում է եկեղեցի՝ ապաշխարելու, մեղքերի թողություն  խնդրելու համար, բայց մի առաջարկ ունեմ, Ինչու՞օրինակ չի հրավիրում իրեն ընկերակցելու գլխավոր դատախազին, ով տարիներ շարունակ ենթադրաբար կոծկում է առանձնապես ծանր հանցագործություններ,թո՛ղ Աննա Վարդապետյանն արյունոտ ձեռքերը վերև պարզի ու մեղքերի թողություն խնդրի Աստծուց: Ինչու՞ չի հրավիրում  ընկերակցելու  քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանին, ով Շիրակի մարզային  քննչական վարչությունը  դարձրել է ստախոս հանցագործների  հավաքատեղի, քրեական գործերի գերեզմանոց, գոնե առիթ կունենա «Հայր մեր»-ն  ասելու:

Նիկո՛լ,դեկտեմբերի 7-ի պատարագը շատ հարմար առիթ է Շիրակի մարզի դատախազ՝ Արմեն Չիչոյանին ապաշխարելու և մեղքերի թողության կանչելու,միգուցե դարձի գա ու խոստովանի,թե ինչպես է տարիներ շարունակ Աննա Վարդապետյանի գիտությամբ ենթադրաբար կոծկում՝ շահադիտական դրդումներով, խմբի կողմից կատարված սպանությունները: Ի տարբերություն սրանց՝  հայ Առաքելական եկեղեցին  ո՛չ քո անձնական դատարանն է,ոչ՝  ԱԱԾ-ն, ո՛չ գլխավոր դատախազությունն է ու ոչ էլ  քննչական կոմիտեն:

Խստորեն դատապարտում ենք եկեղեցու դեմ իրականացվող արշավը: Եկեղեցին Աստծո տունն է ,այլ ոչ թե քաղաքական բեմահարթակ:

Իսկ Գյումրին՝ ՔՊ-ի գրասենյակը չէ: Գյումրին դավաճաններին չի ներում…»,- խոսքը եզրափակում է Ադանալյանը, ով ծնունդով գյումրեցի է։