26/12/2025

«Թրամփի ուղի» նախագծի նկատմամբ մանրամասներ է բացահայտել ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը

«Կալուգինի (TRIPP նախագծին Ռուսաստանի մասնակցության «հիմնավորումների» մասին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի) հայտարարությունը, ըստ ամենայնի, նախանշում է տարածաշրջանում դրամատիկ գործընթացների մեկնարկ:

Խոսքը Հայաստանի տարածքի և պարտավորությունների մասին է, բայց այդ հարցն ամենաուղղակի իմաստով շոշափում է Ադրբեջանի, Թուրքիայի և, իհարկե, ամբողջ թուրքական աշխարհի շահերը:

Նախագծի իրականացմամբ շահագրգռված են Կենտրոնական Ասիայի երկրները: Չխոսած այն մասին, որ Դոնալդ Թրամփն այն քաղաքական գործիչը, որ լուռ կհանդուրժի, եթե Հայաստանը չկատարի ստանձնած պարտավորությունները, որոնց տակ նա ուղղակի և փոխաբերական իմաստով ստորագրել է նրա առանձնասենյակում»,- գրում է Բաքվի իշխանական minval politika-ն:

Առաջին հայացքից կարելի է տպավորություն ունենալ, թե Ադրբեջանի իշխանությունները «չափազանց մտահոգ են», որ Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել և նույնիսկ «կարող են Հայաստանին օգտակար լինել», բայց ադրբեջանական քարոզչությունը միշտ չէ, որ կարողանում է «ինքնապաշտպանվել»:

Բացառություն չէ նաև այս հրապարակումը, որտեղ «փակագծերի մեջ», հղում անելով նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին, ասված է այն, ինչ պաշտոնական Բաքվի տեսակետն է, «երկաթուղու Մեղրիի հատվածն, այո, անցնում է Հայաստանի տարածքով, բայց խորհրդային շրջանում կառավարվել է Ադրբեջանի կողմից»:

Ըստ նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի, այդ «իրողության անտեսումը Ալմաթիի Հռչակագրի կոպտագույն խախտում է»:

Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենի խոսույթն ամբողջովին կառուցված է խորհրդային և ՌԴ հովանու ներքո ձևավորված հետխորհրդային իրողությունների վրա:

Այս առումով Ադրբեջանի նախկին արտգործնախարարի կողմից Ալմաթիի Հռչկագրի «կոպիտ խախտման» մասին խոսույթը փաստացի վկայում է, որ Բաքուն և Մոսկվան «երկաթուղու Մեղրիի հատվածի» իրավական կարգավիճակի մասին նույն, կամ շատ մոտ տեսակետն ունեն:

Թրամփի առանձնասենյակում ուղղակի և փոխաբերական իմաստով աշխարհաքաղաքական նշանակության պարտավորություն ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ստանձնել՝ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, «Մեղրիի անցուղու» նկատմամբ նրա անառարկելի իրավազորությունը:

Այդ պարտավորությունը Ալիևի «կոկորդին ոսկոր է»: Պարզապես ուշադրություն է հայցում փաստը, որ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը «Թրամփի ուղի» նախագծի նկատմամբ հավակնություններ է բացահայտել Բաքվում ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի երկօրյա այցից ոչ լրիվ մեկ շաբաթ հետո:

Իսկ Գալուզինը քննարկումներն ամփոփել է արտաքին քաղաքականության հարցերով Ալիևի օգնական Հաջիևի հետ: Պատահական համընկնո՞ւմ է: Հազիվ թե: