27/12/2025

Սա առայժմ անցնող տարվա վերջին «տոնական» սկանդալն էր

Հայաստանում Ամանորը ոչ միայն տոն է, այլեւ հանրային տրամադրությունների ցուցիչ, երբ անգամ տոնական գիշերը կարող է սկանդալի վերածվել:

Հրապարակ թերթը գրել է․ Թերեւս ամենահայտնի միջադեպը տեղի ունեցավ 2015-2016 թվականների Ամանորի նախաշեմին, երբ կալանավորեցին ընդդիմադիր ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին, որը Ձմեռ պապի շորերով փորձեց տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում: Գեւորգ Սաֆարյանին ոստիկանները ծեծի ենթարկեցին եւ ուղիղ տարան բանտ: Նա երկու տարի «կալենդար» նստեց` Օպերայի մոտ տոնածառ տեղադրելու փորձի համար: Այսօր էլ նա առանձնանում է ընդդիմադիր հայացքներով:

«2018-ից հետո ոչինչ չի փոխվել, ես ճանաչվել եմ մեղավոր երկու գործով էլ։ Գործը սարքող քննիչը եւ դատավորը ստացել են պաշտոնի բարձրացում, դատախազը դարձել է դատավոր»,- ասում է Գեւորգ Սաֆարյանը: Արդյոք Ամանորը բանտում տոնո՞ւմ են եւ ուրախանում՝ հարցին Գեւորգը պատասխանում է. «Ե՛վ տոնում են, ե՛ւ ուրախանում, ինչպես բոլորը։ Բանտապահները փորձում են աչալուրջ լինել, որ ալկոհոլ չմտնի»:

Իհարկե, կալանավայրերում Ամանորը կտրուկ տարբերվում է ազատության մեջ գտնվողների տոնից: Որպես լրագրող, որը երկար տարիներ զբաղվել է կալանավայրերի բնակիչների խնդիրներով, նկատել եմ, որ նրանց համար Նոր տարին ոչ թե ուրախ տոն է, այլ ապագա ազատությունը եւս մեկ տարով մոտեցնելու հույս. հինգ տարվա պատժաչափը դառնում է չորս, տասը` ինը, մեկը` զրո, զրոն էլ՝ 12 ամիս, քանի որ սպասումն այլեւս չափվում է ամիսներով: Դատապարտյալները խցակիցների հետ սեղաններ են գցում, կիսվում են տնեցիներից ստացած ծանրոցների պարունակությամբ, որոնք Ամանորի շեմին ավելի ճոխ ու մանրակրկիտ են կազմվում հարազատների կողմից: Կենացները, բնականաբար, ազատության, շուտափույթ տուն վերադարձի մասին են:

Իսկ 2023-2024 թվականների Ամանորին պայթեց Հայաստանի թերեւս ամենախոշոր ամանորյա քաղաքական սկանդալը: Հանրային աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի սուրբծննդյան մաղթանքը չցուցադրեցին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Եկեղեցուց պարզաբանեցին, որ հեռարձակման մերժումը ստացել են վերջին պահին, իսկ Հանրային հեռուստատեսությունը կատարվածը բացատրեց եթերի հետ կապված կազմակերպչական փոփոխություններով: ԶԼՄ-ները եւ սոցցանցերի օգտատերերը քննադատեցին, աղմկեցին, հետո լռեցին, չնայած արդեն պարզ էր, որ պետության ու եկեղեցու միջեւ սեպ է խրվել, որ դա արվել է պաշտոնապես` վերեւից իջած հրահանգով, ու հետագայում անդունդը խորանալու է: Դա առաջին ազդակն էր մայիսից մեկնարկող արշավի` ընդդեմ եկեղեցու:

Փորձեցի հարց ուղղել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ, նախկինում նախագահ Արա Շիրինյանին, չնայած պատասխանը պարզ է` այս Ամանորին ե՞ւս հոգեւորականի խոսք ուղիղ եթերում չի լինելու: Մեր հարցը Արա Շիրինյանը կարդաց, բայց չպատասխանեց:

Իսկ 2025-ի հունվարի 5-ին արցախցիները հավաքվել էին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում՝ Սուրբծննդյան Ճրագալույցի պատարագ լսելու: Սա հավաքվածներից շատերի համար Հայաստանում առաջին ժամերգությունն էր` բռնի տեղահանումից հետո: Այն դարձավ հոգեւոր վերածննդի, համայնքի միավորման եւ հավատի խորհրդանիշ, որ լավ է լինելու: Այսօր էլ այդ հույսը կա, թեեւ «մարդիկ անտրամադիր են դիմավորում Նոր տարին», ինչպես պնդում է արցախցի վարպետ Աշոտ Ղազարյանը, որը երկու տարում արդեն երեք վարձով տուն է փոխել:
«Մեր նպատակը ողջ մնալն է»,- ասում է Մարինա Զաքարյանը՝ Շուշիից:

2024-ի հունվարին սփյուռքում հայ համայնքը չեղարկում էր Ամանորի կապակցությամբ ամեն տարի կազմակերպվող ավանդական ճոխ հանդիսությունները, օրինակ՝ Կանադայում: Այսկերպ հայերն իրենց հարգանքն էին արտահայտում ու վշտակցում հայրենազուրկ արցախցիներին, որոնք ծանր էմոցիոնալ վիճակում էին: Իսկ Երեւանը, ինչպես միշտ, ճոխ Ամանոր էր տոնում: Ամանորյա միջոցառումների վրա ծախսվեց շուրջ 627 մլն դրամ:

Այս տարի տոնական միջոցառումների կազմակերպման ու տոնական ձեւավորման համար ծախսել են մոտ 607 մլն դրամ: Սոցցանցերում մարդիկ քննադատեցին անիմաստ, անհեթեթ ծախսերը` տնտեսական դժվարությունների ֆոնին, հաշվեցին, թե այդ գումարներով քանի արցախցու եւ անապահովի հարց կլուծվեր, բայց տոնածառի լույսերը միացնելու արարողությանը հրապարակում ահռելի բազմություն էր հավաքվել: Դեկտեմբերի 14-ին տեսարանների սիրահարները հավաքվեցին՝ տեսնելու, թե ինչպես են գլխավոր տոնածառի լույսերը վառվելու, մեծ հրմշտոց եղավ, մարդիկ իրար տրորելով փորձում էին դուրս գալ հրապարակից: Կադրերը տարածվեցին համացանցով մեկ: Սա առայժմ անցնող տարվա վերջին «տոնական» սկանդալն էր: