31/12/2025

«Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի խոսույթը հակադարձվում է Հուսեյնովի «հպարտ» բացահայտումներով

Ադրբեջանի նախկին պետական քարտուղար, նախկին վարչապետ, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, «Ժողովրդական կուսակցության» նախկին առաջնորդ Փանահ Հուսեյնովը azpost. Info կայքին հարցազրույցում հերքել է իր հասցեին քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի հնչեցրած մեղադրանքը և հավաստիացրել, որ 1988թ. հոկտեմբերին Բաքվի Լենինի անվան հրապարակում ինքը մարդկանց նստացույցի կոչ անելիս չի ասել «ով չնստի, նա հայ է»:

Հուսեյնովը, սակայն վկայել է, որ նման կարգախոս հնչել է, բայց «դա արել են ակցիայի մասնակից մի քանի ակտիվիստներ»:

Հուսեյնովը միաժամանակ խոստովանել է, որ 1990թ. հունվարի 13-15-ին եղել է Բաքվի հայ բնակչության բռնատեղահանության կազմակերպիչներից մեկը: Նա, սակայն, «հիմնավորել է», որ իրենք տեղեկություն ունեին, որ խորհրդային «ՊԱԿ-ը մտադիր է Ադրբեջանի մայրաքաղաքում կրկնել Սումգայիթի դեպքերը, ուստի կազմակերպել և հայերին գնացքով, օդանավերով ճանապարհել են Հայաստան»:

Այդ օրերին Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված խմբավորումներից մեկի հրամանատար հանդիսացած Հուսեյնովն, իհարկե, իրականությունը կեղծում է. Բաքվի հայ բնակչությունը բռնատեղահանվել է հիմնական Թուրքմենստանի Կրասնովոդս քաղաքը: Բայց գլխավորը փաստական վկայությունն է, որ նա տալիս է, խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից իրականացվել է հայ բնակչության զանգվածային բռնատեղահանություն:

Իսկ թե ինչ պատճառով է դա տեղի ունեցել, ադրբեջանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան տալիս է կողմնակի թվացող, բայց իրականում ամենահիմնավոր բացատրությունը: Նա ասում է, որ միայն Բաքվի գործարաններից մեկում աշխատում էր 700 հայ, բայց «նրանցից ոչ մեկը Ղարաբաղում սկսված շարժման դեմ ոչ մի խոսք չի ասել»:

Ըստ երևույթին մտովի վերապարելով այդ օրերի «հերոսականությունը», Հուսեյնովը հռետորական հարցադրում է արել. «Որքա՞ն հայ է ապրել Բաքվում, որևէ մեկը նրանցից ղարաբաղյան անջատողականությունը դատապարտող խոսք լսե՞լ է»:

Մասնագիտությամբ պատմաբան, այդ շրջանում Ադր.ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող հանդիսացած Հուսեյնովն սկզբունքորեն չպետք է իմանար, թե Բաքվի որ գործարանում քանի հայ է աշխատում:

Բայց նա բերում է վիճակագրական փաստ ինչը վկայում է, որ Ժողճակատի գրոհայիններն ունեցել են Բաքվի ավելի քան երկու հարյուր հիսուն հազար հայ բնակչության անձնական տվյալները և գործել են իշխանության և պետական մարմինների իմացությամբ:

Հուսեյնովի հարցազրույցը փաստական վկայություն է, որ Ադրբեջանում հայ ինքնությունը հետապնդվել է և ենթարկվել բռնատեղահանության միայն նրա համար, որ Լեռնային Ղարաբաղում սկսված ինքնորոշման շարժումը չի դատապարտել:

Կամա, թե ակամա, բայց ժամանակին Հեյդար Ալիևի հրահանգներով Բաքվում հայկական ջարդեր և զանգվածային բռնատեղահանություն կազմակերպած Փանահ Հուսեյնովը մերկացնում է Իլհամ Ալիևին:

«Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի խոսույթը հակադարձվում է նրա հոր կողմից վարչապետ նշանակված Հուսեյնովի «հպարտ» բացահայտումներով: