11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Թրամփը Պուտինին հասկացնում է, որ ժամանակակից պատերազմում «հաղթանակն» ավելի շատ «պարտություն է»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և տիկնոջ առեւանգումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նախադեպը չունեցող հատուկ գործողություն է, որ կարող էին միայն իրականացնել և իրականացրել են ամերիկյան հատուկ նշանակության զինվորականները:

Այդ մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա հունվարին և, ամենայն հավանականությամբ, Մադուրոյի առևանգման գործողությանը շատ մեծ կարեւորություն է տվել:

Աշնանը տեղի կունենան Կոնգրեսի ընտրություններ, և Թրամփը, բնականաբար, ձգտում է երկրի քաղաքացիներին համոզել, որ վերականգնում է Միացյալ Նահանգների հզորությունը՝ ինչպես և խոստացել էր նախագահական մրցապայքարում: Մոտ են նաև Ռուսաստանի պետդումայի ընտրությունները, իսկ Վլադիմիր Պուտինի ուկրաինական հաղթանակն ուշանում է:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մադուրոյի առեւանգման գործողությունը դիտել է՝ ինչպես հեռուստաշոու: Նա հպարտացել է, որ այդ ընթացքում ամերիկացի ոչ մի զինվորական չի սպանվել: Թրամփը հայտարարել է, որ այդ ֆոնին ռուս-ուկրաինական պատերազմը «չափազանց պրիմիտիվ է», քանի որ այնտեղ մարդիկ են զոհվում, «շատ մարդիկ»:

Ասվածն ակնհայտորեն բացահայտում է Ռուսաստանի Զինված ուժերի հետամնացությունը: Թրամփը, կարծես, Պուտինին հասկացնում է, որ ժամանակակից պատերազմում հարյուր հազարավոր մարդկային կյանքի գնով ձեռք բերված «հաղթանակն» ավելի շատ «պարտություն է»:

Թրամփի երրորդ «ուղերձն» ավելի խոսուն է: Նա ասել է, որ Մադուրոյի կողմնակիցները հեշտությամբ ընդունել են ԱՄՆ պայմանները, որպեսզի իրենց համար «ավելի վատ չլինի»:

Միացյալ Նահանգների նախագահն այդպիսով գրեթե բաց ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի գրեթե չորս տարիներին Ռուսաստանի հատուկ ծառայություններին չի հաջողվել մասնատել Ուկրաինայի նախագահ Զելենսկու թիմը:

Ըստ երևույթին, Թրամփը համոզվել է, որ ուկրաինական հանրությունը Ռուսաստանին որպես «ազատարար» չի ընդունում: Մինչդեռ Վենեսուելայում Մադուրոյի անկումը հանրայնորեն ողջունվում է:

ԱՄՆ նախագահի այս «ուղերձները» կարելի է հասկանալ թե որպես Պուտինի հասցեին քննադատություն, թե՝ «հարցերն արագ լուծելու» հորդոր, եթե, իհարկե, նա Զելենսկու նկատմամբ կարող է համանման հատուկ գործողություն կազմակերպել:

Մադուրոյի առևանգումն, անկասկած, ուսումնասիրվելու է նաևԿիևում: Տարեսկզբից Վլադիմիր Զելենսկին կադրային լուրջ փոփոխություններ է իրականացնում: Ռազմական հետախուզության պետ Բուդանովը, մասնավորապես, նշանակվել է նախագահի գրասենյակի ղեկավար: