Միջազգային մամուլում տեսակետ էր տարածվել, որ հունվարի 9-ը Իրանի ներքաղաքական կյանքում «վճռորոշ կլինի»: Փորձագետների մեծ մասը գտնում էր, որ թագաժառանգ Ռզա Փահլևի կոչը «ցույց կտա, թե նա որքանով է քաղաքական գործոն, որքանով՝ խորհրդանիշ»:
Երևում է, այդ գնահատականը հիմնված էր ոչ այնքան կանխատեսումների, որքան՝ հետախուզական տեղեկությունների վրա. ԱՄՆ-ում և Իսրայելում շատ զգուշավոր են մոտենում Իրանի «վերակազմավորման հավանականությանը»:
Գերիշխող կարծիք կա, որ բողոքի զանգվածային ցույցերը «կառավարման միասնական կենտրոն և ընդգծված առաջնորդ չունեն»:
Հունվարի 9-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին խախտել է գրեթե երկշաբաթյա լռությունը և պետական հեռուստատեսության եթերում հանդես եկել չափազանց կոշտ հայտարարությամբ: Նա բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցներին անվանել է «հանրային ունեցվածքի վնասարարներ», որ գործում են իբրև Միացյալ Նահանգների «գործակալներ և հանցակիցներ»:
Խամենեին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփին մեղադրել է «ավելի քան հազար իրանցիների սպանությունների» մեջ: Իսլամական հեղափոխության առաջնորդը հավաստիացրել է, որ Իրանը «մեկ միլիմետր իսկ չի նահանջի իր սկզբունքներից»:
Խամենեիի ուղերձը սկզբունքորեն հակադրվում է Իրանի նախագահ Փեզեշքիանի գնահատականին: Վերջինս շաբաթասկզբին ասել է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է կառավարությունը, խորհրդարանը և խոստովանել, որ ցուցարարների պահանջները բավարարելու «հնարավորությունները սահմանափակ են»:
Փեզեշքիանը փաստացի բացահայտել է, որ առանց քաղաքական բարեփոխումների և տնտեսական ազատականացման Իրանի խնդիրները հնարավոր չէ կարգավորել: Իսլամական հեղափոխության առաջնորդն, ըստ էության, մերժում է այդ տեսակետը և պնդում քաղաքական ուղեգծի անայլընտրանքայնությունը:
Իրանում բողոքի ցույցերի կոչերից իսրայելական մամուլն առանձնացրել է իր գնահատմամբ ամենաբնորոշը. «Կյանքս ոչ թե Եմենին, Գազային և Լիբանին, այլ՝ իմ հայրենիքին»: Համարվում է, որ իրանական հանրությունը ձգտում է «վերահաստատել ազգային պետություն՝ հրաժարվելով արմատական իսլամականությունից»:
Տեսակետ կա, որ Իրանում իսլամական հեղափոխություն է կատարվել, որպեսզի «կրոնական ընդհանրության հիմքով պահպանվի երկրի ամբողջականությունը»: Խամենեին, ամենայն հավանականությամբ, դա է նկատի ունեցել, երբ իրանցիներին կոչ է արել «պահպանել միասնականությունը»:
Կարելի է սպասել, որ ներքին լարվածությունը կտեղափոխվի Խամենեի-Փեզեշքիան տարաձայնությունների տիրույթ: Այդ մասին ակնարկներ արվել են ավելի վաղ, բայց բողոքի զանգվածային ակցիաներին Իսլամական հեղափոխության առաջնորդի աներկմիտ գնահատականը հուշում է, որ նա մերժում է ցուցարարների հետ երկխոսության ճանապարհը:
Մեծ է հավանականությունը, որ նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կտա ցույցերը բռնաճնշելու հրաման: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա Փեզեշքիանի հետագա պաշտոնավարումը «ոչ նպատակահարմար կճանաչվի»:






Բաց մի թողեք
Եթե Պուտինը փորձի «վերահնազանդեցնել» Ադրբեջանին, ապա` կմիջամտի Էրդողանը
ԱՄՆ նախագահը Ադրբեջանի «թագաժառանգի» հետ լուսանկարվելուց ձեռնպահ է մնացել
Ռուսաստանը որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»