20/01/2026

Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու մասին որոշումը հիմնավոր է

Արցախի «Տեղեկատվական շտաբը» հայտնել է, որ «նախագահի պաշտոնակատար» Աշոտ Դանիելյանի «որոշմամբ» գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը «զրկվել է» «Արցախի հերոս» կոչումից:

Ըստ տեղեկատվության, հիմք է ընդունվել Արցախի նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի եզրակացությունը:

Կարեն Շաքարյանը հունվարի 6-ին մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման ուխերթին և տեղում հայտնվել ընդդիմության քարոզչամիջոցների թիրախում: Հաջորդ մի քանի օրերին սոցիալական մեդիայում նրա դեմ ծավալվել է կոպիտ քարոզչություն, որ, ամենայն հավանականությամբ, ուղղորդված էր:

Կարեն Շաքարյանը մեղադրվել է «Արցախը հանձնած Փաշինյանի կազմակերպած» միջոցառմանը մասնակցելու մեջ, նրան վերագրվել է «ՊՆ-ում պաշտոն ստանալու անձնական շահագրգռվածություն»:

Քաղաքական կամ հանրային որեւէ միջոցառման մասնակցել-չմասնակցելը մարդու անհատական որոշման հարց է: Կարեն Շաքարյանը զինվորական ծառայության մեջ չէ, ուստի ոչ ոք նրան չի կարող արգելել, որ անձնական տեսակետ և այն արտահայտելու հնարավորություն ունենա:

Այդ առումով նրա հասցեին քննադատությունը նույնպես օրինաչափ է:

Բայց դա հարցի բարոյական կողմն է: Իրավական տեսանկյունից որքանո՞վ է հիմնավորված «Արցախի հերոս» կոչումից նրան զրկելու մասին Աշոտ Դանիելյանի որոշումը:

Կարեն Շաքարյանն այդ կոչմանն արժանացել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հոկտեմբերի 20-ի հրամանագրով՝ Արցախի պաշտպանության մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար:

Արցախի պետական շուրջ երեսունհինգամյա պատմությունը որևէ մեկին «Արցախի հերոս» կոչումից զրկելու նախադեպ չգիտի: Անգամ Արկադի Ղուկասյանի դեմ «մահափորձի կազմակերպման» մեջ մեղադրված Սամվել Բաբայանի նկատմամբ դատարանը նման որոշում չի կայացրել:

Աշոտ Դանիելյանի որոշումն իրավական տեսանկյունից չափազանց խոցելի է, քանի որ նա Արցախի «նախագահի պաշտոնակատարի», ոչ էլ Ազգային ժողովի «նախագահի» օրինական լիազորություններ չունի:

Արցախի վերջին իշխանությունը ձևավորվել է 2020թ. մայիսի 15-ին, երբ համաժողովրդական ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը, իսկ նույն օրը գումարվել է Ազգային ժողովի առաջին նստաշրջանը:

Իշխանության այդ մարմինների լիազորությունները 2025թ. մայիսի 15-ին սպառվել են, նոր ընտրություններ չեն անցկացվել, ուստի որևէ մեկը չի կարող հանդես գալ Արցախի նախագահի, Ազգային ժողովի, պետական նախարարի, կառավարության անդամի և պատգամավորի, դատավորի, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ համակարգի և հատուկ ծառայությունների աշխատակցի անունից:

Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» կոչումից զրկելու մասին Աշոտ Դանիելյան որոշումը հիմնավոր է: Էլ ավելի զգաստացնող է, որ, առերեւույթ հանդես գալով «ազգային միասնության» կարգախոսով, Ստեփանակերտի քաղէլիտա կոչված ներկայացուցիչները ջրբաժան են գծում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլևարդեն իսկ բռնատեղահանված արցախցիների միջև:

Ովքեր այլ տեսակետ ունեն կամ չեզոք են՝ Արցախի «իշխանությունների» թշնամին են: Թեկուզ և նա Արցախի հերոս Կարեն Շաքարյանը լինի: