Թեհրանի դատախազ Ալի Սալեհին հայտարարել է, որ հանրային և պետական սեփականությունը վնասող և Իրանի իրավապահ մարմինների ու անվտանգության ուժերի հետ բախումներ և անկարգություններ հրահրողներն ու մասնակիցները կարող են մահապատժի ենթարկվել։
«Դատական համակարգի կարմիր գիծը երկրի քաղաքացիների անվտանգությունն է։ Ահաբեկիչների նկատմամբ մեր մոտեցումը կլինի զսպող, և նրանց պատիժը կլինի պետության դեմ պատերազմ սկսելու համար (իրանական օրենսդրության համաձայն՝ դա պատժվում է մահապատժով – խմբ.)», – նրա խոսքերն է մեջբերել Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։
Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջից մոլեգնած և մինչ օրս շարունակվող բողոքի ցույցերն Իրանում դառնում են անվերահսկելի. հրկիզվել են կառավարական շենքեր, երկրում զոհերի թիվն աճում է:
Բողոքի ցույցերի ժամանակ այս օրերին զոհվել է առնվազն 45 մարդ, այդ թվում՝ ութ երեխա։ Ամենաշատ մահերով օրը չորեքշաբթին է եղել՝ հունվարի 8-ը, երբ հաստատվել է 13 մահ։ Ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է։
Տարբեր կազմակերպություններ մեղադրել են Իրանի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար կոշտ մեթոդներ կիրառելու մեջ, այդ թվում՝ վիրավոր ցուցարարներին կալանավորելու համար հիվանդանոցների վրա հարձակումների և արցունքաբեր գազի կիրառման:
ԱՄՆ նախագահ Թրամփը, արձագանքելով Իրանից ստացվող ահագնացող լուրերին, սպառնացել էր հարված հասցնել Իրանին՝ ցուցարարների վրա կրակ բացելու պարագայում: Նման տեղեկություններ մամուլում հայտնվել են, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել:






Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով