Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, նաև օրը սահմանել ոչ աշխատանքային։
Ռուբինյանը նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում միայն մեկ փոփոխություն է արվել։
«Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, այլ անմիջապես»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
«Հիշեցնեմ, որ նախագիծը հիմնված է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հավերժացնելու մասին» 2000 թվականի օրենքի վրա, որը սահմանում է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրերի ընդունումն է։
Եվ մենք նման հիշատակի օր մինչ այս պահը չենք ունեցել։ Բայց մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նման օր ունենալ, որպեսզի հիշատակենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին՝ հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, հաշվի առնելով նաև հաստատված խաղաղությունը և այն փաստը, որ զոհերին հիշատակելու լավագույն ձևը խաղաղ և բարեկեցիկ ապրելն է»,- մանրամասնել է Ռուբինյանը։
Նա պարզաբանել է, թե ինչու է ընտրվել հունվարի 27-ը։
«Մենք չենք ցանկացել ընտրել մի օր, որը որևէ մեկ ռազմական իրադարձության հետ է կապված, որովհետև անխուսափելիորեն հարց կառաջանար, թե ինչու այս օրը և ոչ մյուս օրը, հետևաբար անհրաժեշտություն էր առաջացել ընտրել օր, որը կապ չունի որևէ կոնկրետ իրադարձության հետ։ Բայց նաև անհրաժեշտ էր ընտրել օր, որը որոշակի խորհուրդ կունենա, և մենք ընտրեցինք հունվարի 27-ը, որովհետև հունվարի 28-ին մենք նշում ենք Բանակի օրը, և այսպիսով մենք հունվարի 27-ին կհիշատակենք և կհիշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին և կխոնարհվենք նրանց առաջ, իսկ հունվարի 28-ին որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ կտոնենք Բանակի օրը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։
Նա ԱԺ գործընկերներին կոչ է արել չքաղաքականացնել նախագիծը և քվեարկել ընդհանուր կոնսենսուսով, բոլորով:
Օրենքի նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։






Բաց մի թողեք
Հունվարի 20-ի աստղագուշակ․ Ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի