19/01/2026

Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել

Հունվարի 15-ին չորս հայ պատանդներ հայրենադարձվել են: Նրանց թվում է Վագիֆ Խաչատուրյանը: Ադրբեջանում նա մեղադրվում էր «Մեշալի գյուղում ցեղասպանություն իրականացնելու» մեջ:

«Դատարանում» նրա դեմ «տուժածները ցուցմունք են տվել»: Բաքվի «դատարանը» Վագիֆ Խաչատուրյանի «մեղքը ճանաչել է ապացուցված» և նրան դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման:

Եթե Ադրբեջանում օրենքով վաթսունհինգ տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկումն արգելված չլիներ, Վագիֆ Խաչատուրյանն, անկասկած, կենթարկվեր առավելագույն պատժի: Այսօր Վագիֆ Խաչատուրյանը հայրենադարձվել է, գտնվում է բժշկական հսկողության ներքո: Նրա առողջական վիճակը գնահատվել է «բավարար»:

Բաքվի լրատվամիջոցները չորս հայ պատանդների հայրենադարձության իրավական հիմնավորման մասին ոչինչ չեն ասում: Հայտնի չէ՝ Իլհամ Ալիևը «դատապարտյալներին ներո՞ւմ է շնորհել», թե՞ դատական որևէ ատյան նրանց արդարացման վճիռ է կայացրել կամ ոչ մեկն է տեղի ունեցել, ոչ՝ մյուսը, Ալիևը պարզապես կարգադրել է, որ այդ անձինք պետք է հայրենադարձվեն, և պատկան մարմինները կատարել են:

Բայց դա արդեն Ադրբեջանի նախագահի և հանրության խնդիրն է: Պետք է միայն արձանագրել, որ ընդդիմադիր աղբյուրները համարում են, որ Ալիևը «հայ մանկասպան Վագիֆ Խաչատուրյանին ազատ է արձակել, իսկ Ղարաբաղն ազատագրած ադրբեջանցիները մնում են բանտում»:

Այս համատեքստն առանձնակի ուշադրության է արժանի: Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ «քրեական գործը» Բաքվի քարոզչությունը ներկայացնում է որպես «ադրբեջանական Նյուրնբերգ»:

Ալիևը նպատակադրված է «դատական արդարացի քննությամբ» միջազգայնացնել և ընդունելի դարձնել, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել, Հայաստանը Ադրբեջանին ներկայացրել է տարածքային անհիմն պահանջներ, սանձազերծել նվաճողական պատերազմ և պարտվել»:

Ըստ այդմ, նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին առաջադրել է «պատերազմական և մարդկայնության դեմ գործած հանցանքների» մեղադրանք:

Վագիֆ Խաչատուրյանի «մանկասպանությունը» մեկ-միասնական «քրեական մեղադրանքի» մի դրվագ է: Վագիֆ Խաչատուրյանից այդ ծանրագույն մեղադրանքը հանվել է: Այսինքն, զուտ իրավական առումով «ադրբեջանական Նյուրնբերգը» փլուզվել է: