18/02/2026

ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. ինչպես են ընտրվել ներկուսակցական ընտրությունների հանձնաժողովի անդամները

QP

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ Այսինքն՝ փակել են իրենց կյանքում խորհրդարանական էջը։

ՔՊ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, հարց է բարձրացվել՝ ինչո՞ւ է նման պատասխանատու գործընթացը վստահվել այն գործիչներին, ովքեր արդեն իսկ որոշել են հեռանալ խորհրդարանական կյանքից։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արշակյանի և Պողոսյանի թեկնածությունները հաստատվել են ՔՊ վարչության կողմից, և նախաձեռնությունը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, քանի որ նա համարել է, որ Արշակյանն ու Պողոսյանը օբյեկտիվ կլինեն, անձնական շահ չեն ունենա։ ՔՊ վարչությունն էլ քվեարկել է առաջարկի օգտին՝ հանձնելով նրանց այդ կարևոր պատասխանատվությունը։

Ի դեպ, նշենք, որ մարտի 27-ին և 28-ին կայանալիք ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 համարների ընտրությունները ևս Արշակյանն ու Պողոսյանն են ղեկավարելու»։