Մենք դեմ չենք մեր տարածքում միջուկային զենք տեղաբաշխելուն: Մենք չունենք որևէ հայեցակարգ, որ բացառեր այդ հնարավորությունը, եթե ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով մեր պաշտպանական ծրագրերը, որոշեր, որ միջուկային զենք է տեղաբաշխում նաև մեր տարածքում:
Այս հայտարարության հեղինակը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն է, իսկ լրատվամիջոցը, որ ցիտում է նրան, թուրքական «Անադոլուն»: Ընդ որում, Էստոնիայի արտգործնախարար Մագնուս Ցաքհալն այդ տեսակետը հնչեցրել է Ժնևում ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների հերթական փուլից հետո:
Նա մանրամասնել է, որ Էստոնիան ունի արտաքին քաղաքականության «քննարկումների մի քանի փուլ անցած հայեցակարգ, որը մնում է անփոփոխ»: Մասնավորապես Ուկրաինայի հարցում Էստոնիան «միակ առաջնահերթություն է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը» և այդ առումով գտնում է, որ «Եվրոպան չպետք է մերժի ՆԱՏՕ-ի վերազգային միջուկային ծրագիրը»:
Էստոնիայի արտգործնախարարի բաց տեքստով արված այս հայտարարությունը վկայում է, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայի «միջուկային հովանոցի» հեռանկարը: Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության խորհրդի շրջանակներում այդ հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Վերջինս հայտարարել է, որ Գերմանիան «պետք է ունենա միջուկային իր զինանոցը»:
Եվրոպական այլ երկրներից Ֆրանսիայի առաջարկության վերաբերյալ արձագանքներ դեռևս չկան, բայց, երևում է, «ջինը շշից բաց է թողնվել» առնվազն քաղաքական «ուղերձի» տեսքով, և հասցեատերն, անկասկած, Ռուսաստանն է:
Մոսկվայում երբեք չեն թաքցրել, որ Ուկրաինայում «տակտիկական միջուկային զենքի կիրառման հավանականությունը բարձր» է: Ռուսաստանցի փորձագետներն, ընդմին, միջուկային սպառազինվածության ասպարեզում Ֆրանսիային լուրջ մրցակից չեն համարում՝ հաշվի առնելով այն, որ Փարիզն ընդամենը երկու-երեք հարյուր միջուկային մարտագլխիկ ունի:
Եթե ՆԱՏՕ-ն որոշի Եվրոպայի միջուկային անվտանգության համակարգ ստեղծել, ապա սպառազինությունների մրցավազքը կծավալվի, և Ֆրանսիայի առնվազն համաեվրոպական հեղինակությունը կտրուկ կբարձրանա:
Իհարկե, բացառված չէ, որ Արևելյան Եվրոպայի կամ Մերձբալթիկայի երկրներում միջուկային զենքի տեղաբաշխման մասին հայտարարությունները գոնե ներկա պահին Մոսկվայի ուղղությամբ քաղաքական «գրոհ» են և հետապնդում են Պուտինին «սանձահարելու նպատակ»:
Այդուհանդերձ, ուկրաինական ճգնաժամից Ռուսաստանը կարող է արևմտյան սահմաններին միջուկային բումերանգի «նվեր ստանալ»:

Բաց մի թողեք
Զալյունժնին «բանակը կշրջի Զելենսկու դե՞մ»
Մի՞թե ռուս – ադրբեջանական լարվածությունը «քաղաքական բեմադրություն» չէ
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի գլխավորած Խաղաղության խորհուրդը ոչինչ է