21/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Հաջիևը բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել

Անդրադառնալով ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության «դատաքննությանը» և կայացրած «դատավճիռներին», արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը չափազանց կարեւոր խոստովանություն է արել:

«Մենք սպասում էինք, որ կստեղծվի միջազգային դատարան կամ տրիբունալ՝ Նյուրնբերգի կամ նախկին Հարավսլավիայի և Ռունադայի դեմ Միջազգային տրիբունալի օրինակով, բայց միջազգային ներկայիս անարդար միջավայրում նույնիսկ օրենքի կիրառումն է դարձել քաղաքականացված և երկակի ստանդարտների ենթակա, ուստի Ադրբեջանն ինքն է կազմակերպել բաց դատավարություններ…»:

Ադրբեջանի նախագահն, այսպիսով, իր օգնականի դեմքով խոստովանել է, որ ԼՂՀ նախկին նախագահներին, բարձրաստիճան զինվորականներին և այլ նախկին պաշտոնյաների առևանգումից հետո փորձել է Բաքվում «նոր Նյուրնբերգ» կազմակերպել՝ ներգրավելով արդարադատության միջազգային մարմիններին, բայց, մեղմ ասած, փոխըմբռնման չի արժանացել, ուստի կազմակերպել է «բաց դատավարություններ», որոնց, սակայն, նույնիսկ տեղական լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները չեն մասնակցել:

Հաջիևը կրկնել է թեզը, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակման պահանջը նույնն է, ինչ «Նյուրնբերգում որևէ մեկը խնդրեր, որ նացիստներին չդատեն»:

Սա պարզապես նենգախոսություն է, որ միայն մի բան է փաստում. Ալիևն ինքն էլ հասկանում է, որ «դատավարությունը» լիովին հիմնազուրկ է և միջազգային որեւէ ընկալում չունի: Ընդսմին, Հաջիև բացահայտել է, որ «դատավճիռները» փետրվարին են կայացել՝ «որպես հարգանքի տուրք Խոջալուի «ցեղասպանության» զոհերի հիշատակին»:

Միայն այս բաց խոստովանությունը բավական է, որպեսզի հաստատվի Բաքվի «դատավարության» քաղաքականացվածությունը: Դատարանը պետք է առաջնորդվի դատավարական օրենսդրությամբ, ոչ թե՝ ազգային խորհրդապաշտությամբ: Մանավանդ որ այն բացահայտ կեղծիք է:

Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ադրբեջանում 1992թ. հարուցվել է քրեական գործ, ստեղծվել խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Մեկ տարի հետո իշխանության եկած Հեյդար Ալիևը քրեական գործը կարճել է, ԳԽ քննիչ հանձնաժողովը՝ լուծարել:

Հաջիևի խոսքից հասկացվում է, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը ոչ միայն ԱՄՆ փոխնախագահ Վենսն է բարձրացրել, այլև՝ Եվրախորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Հաջիևի «խոստովանական ցուցմունքը» հիմք է, որպեսզի Ստեփանակերտի քաղէլիտան, որ դեռևս կրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների մանդատը, միջազգային իրազեկման գործընթաց սկսի: