20/04/2026

EU – Armenia

Ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանը խուսափում պատերազմի մասին բաց ձևաչափով քննարկումներից

Վերջին օրերին հանրային լայն քննարկման թեմա է դարձել ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի արձագանքը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հրապարակային մեղադրանքին, որ 44-օրյա պատերազմում պարտության և Արցախը հանձնելու գործում երկու հիմնական մեղավոր կա՝ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը և այն ժամանակվա ԳՇ պետը, որոնք Սեյրան Օհանյանի հավաստմամբ՝ պատերազմի ժամանակ ոչինչ չեն արել երկիրը մոբիլիզացնելու և հաջողություններ ունենալու համար։

Այնինչ հայկական զինված ուժերն ի վիճակի են եղել իրենց առջև դրված խնդիրը կատարելու։

«Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն «մոբ ռեսուրսի» հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալնե՞րն են փախել, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին։ Ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ»։

Օհանյանը նաև հավելել է, որ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265 կմ-ն մինչև հոկտեմբերի 27–ը մեկ ամիս նրանք պահել են․ «Այդ տարածքով են ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ դա ձեր պատասխանատվության գոտում է, քանի որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն է այնտեղ որոշում ընդունում, իսկ այն հաստատում եք դուք։ Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրի»։

Այսպես, Սեյրան Օհանյանն արձագանքնել է Փաշինյան Նիկոլի այն պնդումներին, թե Արցախը հանձնողը պատերազմի օրերին փախուստի դիմած գեներալներն են. «Եվ ընդհանրապես, նա մետրոյում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ հերոսի դուստրը նրան մեղադրեց Արցախը հանձնելու և արցախցիներին բռնի տեղահանելու մեջ, օրակարգային թեմա է դարձրել Արցախի ռազմաքաղաքական վերնախավի կողմից երկիրը լքելու, փախչելու և արդյունքում Արցախը թշնամուն թողնելու անհիմն վարկածը։ Իսկ ապրիլի 2–ին՝ կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ նա մեղադրեց գեներալներին վախկոտության մեջ` հայտարարելով, թե նրանցից ոմանք 44-օրյա պատերազմի ժամանակ խուճապ տարածող են եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։ Ըստ նրա՝ կան վախկոտ գեներալներ, ու առհասարակ հերոս բառը պետք է զգուշորեն օգտագործել, որովհետև իրական հերոսները «լղոզվում են վերբալ հերոսների մեջ»:

Պատասխանելով Սեյրան Օհանյանի ներկայացրած փաստերին՝ Օնիկ Գասպարյանը, տևական լռությունից հետո որոշեց խոսել՝ հրապարակավ հայտարարելով, թե վերջին օրերին տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իր անձը։ Ըստ նրա՝ իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ նա, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ է մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Ուստի ԳՇ նախկին պետը առաջարկել է Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին, զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- հայտնել է նա։

Օնիկ Գասպարյանի արձագանքից հետո քաղաքական, հանրային շրջանակները նրան սկսեցին հորդորել բաց խոսել և մեկընդմիշտ դադարեցնել 44-օրյա պատերազմի շուրջ եղած բոլոր շահարկումները, այլ ոչ թե փակ դռների հետևում նորից պատերազմի թեմայի շուրջ տարատեսակ խարդավանքների առիթ ստեղծել։ Արդյո՞ք պետական և ազգային շահի տեսանկյունից ավելի ճիշտ է, որ պատերազմի թեման և դրա հետ կապված բոլոր եղելությունները այդպես էլ անհասանելի մնան և ճշմարտությունը յոթ փակի տակ պահվի։ Ի վերջո, նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը իշխանությունները չեն շտապում հրապարակել՝ այդպիսով շարունակելով տաք պահել թեմայի շուրջ ինտրիգը։ Ո՞ւմ է դա ձեռնտու։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը MediaHub-ին ասաց, որ նման թեմայով բաց քննարկումները կարող են վնասել այլ երկրների հետ հարաբերություններին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Նրա կարծիքով՝ անգամ իշխանափոխությունից հետո այդ թեմայով պետք չէ բացեիբաց խոսել․

«Պատերազմի ժամանակ այնպիսի արտաքին քաղաքական, դիվանագիտական, ռազմական գործընթացներ են լինում, որոնց մասին, իմ կարծիքով, բարձրաձայնելով կարող ես վնասել այդ հարաբերությունները, և լավ կլինի նման իրողությունները փակ պահել, բայց դրանց հաշվարկներով կառուցես քո հետագա հարաբերությունները։ Երևի այս հանգամանքը նկատի ունի Օնիկ Գասպարյանը՝ փակ քննարկման անհրաժեշտության մասին խոսելով։ Նա, քաջատեղյակ լինելով պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերին, թերևս հասկանում է՝ դրանք ջրի երես հանելով ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ մեր պետության համար։ Ներքին խնդիրների բարձրաձայնումը նրա համար խնդիր չէ, քանի որ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին հարցաքննվելուց հետո նա մեկ անգամ արդեն մանրամասնորեն ներկայացրել է այն խնդիրները, անդրադարձել այս իշխանության քայլերին, որոնք հանգեցրեցին մեր խայտառակ պարտությանը»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ գեներալներին արված մեղադրանքներին պատերազմը տանուլ տալու գործում, Դավիթ Ջամալյանն ասաց, որ միակ մեղավորն ու միակ պատասխանատուն Փաշինյանն է․ «Եղել և մնում եմ այն տեսակետին ու բաց աղբյուրներից տեղեկություններ ստանալով՝ ավելի ու ավելի եմ համոզվում դրանում, որ մեզ պատուհասած աղետը դրսից ներդրված և մեր երկրի ղեկին նստեցրած Փաշինյանի ու իր ՔՊ կոչվող խմբակի մեղքով է։ Մենք պետք է շատ զգուշավոր լինենք, որպեսզի ակամա չընկնենք այն թակարդը, որը Փաշինյանն է լարել՝ այդ աղետի մեղքը բարդելով մեկ զինվորականների վրա, մեկ ռուսների, մեկ արցախցիների, նախկինների։ 2019 թվականի մայիսին կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, թե որոշ շրջանակներ դավադիր պատերազմ են հրահրում, որպեսզի տարածքներ հանձնեն ու մեղքը գցեն իշխանությունների վրա։ Փաստորեն պատերազմի մեղքը նախկինների վրա բարդելու համար այդպիսով նա հող էր նախապատրաստում, և հիմա ում ասես մեղադրում է՝ իրենից բացի։ Թիրախում նաև բարձրաստիճան զինվորականներն են։ Պատերազմական բարդ իրավիճակում զինվորականները կարող են նաև սխալվել, սխալ որոշումներ կայացնել։ Բայց պատերազմը տանուլ տալու գործում միակ ծանրակշիռ հանգամանքը Փաշինյանի գործոնն է։ Խաղարկվել է բանակը ջարդելու, Արցախը հանձնելու սխեման»։

Ռազմական փորձագետը կարծում է, որ այս պահին բանակին, զինվորականությանը պարտության համար մեղադրելը կարող է ջուր լցնել Նիկոլի ջրաղացին, որը շատ է վախենում պատերազմի հանգամանքների ջրի երես դուրս գալուց և դրա շնորհիվ նաև իր քաղաքական վախճանից։ Դրա մասին է վկայում պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը հմտորեն թաքցնելը․ «Անգամ իրենց իշխանության օրոք չեն կարողացել լիովին կոծկել, կեղծել եղելությունը այնքան որ ակնառու է իրենց մեղավորությունը և պատերազմը տանուլ տալու մեղավորությունը»։

Ըստ նրա՝ ռազմական համակարգի տարբեր օղակներում 2020 թվականին չէր կարող գտնվել գեթ մեկ զինվորական, որի մտքով կանցներ, որ երկրի ղեկին գտնվողը դավաճանելու է, միտումնավոր հանձնելու է Արցախը, զոհաբերելու է զինվորների կյանքը, որ որոշումները, որոնք պետք է կայացվեին, բայց չեն կայացվել, իսկ կայացված որոշումները հստակ միտումով են արվել, հստակ նպատակով։ Դա աներևակայելի էր թվում․ «Ես չեմ կարող մեղադրել որևէ մեկին, որ նա գիտեր այդ դավաճանության մասին և չկանխեց այն։ Ակնհայտ է, որ պատերազմի ժամանակ փախչելու համար ստեղծված են եղել այնպիսի քաոսային պայմաններ, որոնք կնպաստեին դասալքությանը։ Հիշեք՝ ինչպես էր Փաշինյանը ուղիղ եթերով հորդորում կամավորներին տանից եղած-չեղածը վերցնել ու գնալ մարտի դաշտ, ինչպես կամավորներով անկանոն կերպով բանակը հեղեղեց, հիշեք Մովսես Հակոբյանի հայտարարությունը, որ ասում էր, թե ինչպես է կասեցվել ԶՈՒ լրահամալրումը պատերազմի ինչ որ պահի»։

Դավիթ Ջամալյանը համոզմունք հայտնեց, որ իշխանափոխությունից հետո պատերազմի հետ կապված իրավական գործընթաց կսկսվի և այդ ժամանակ հանրությունը կկարողանա իմանալ ամբողջ ճշմարտությունը, իսկ մեղավորները կկանգնեն դատաստանի առաջ։ Օրվա իշխանությունների օրոք դա անհնարին է, անգամ եթե ինչ-որ հետաքննություն է արվում, նպատակը մեկն է՝ արդարացնել Նիկոլ Փաշինյանին։