20/05/2026

EU – Armenia

Զենքի արտահանումն ունի հստակ նախընտրական բնույթ․ Քերոբյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ առաջին անգամ Հայաստանից արտահանվել է հայրենական արտադրության զենք՝ միլիոնավոր դոլարների ծավալով։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն ասել է, որ հայտարարությունն ունի հստակ նախընտրական բնույթ։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահի դիտարկմամբ՝ զենքի արտահանման վերաբերյալ հայտարարությունները կարող են իրականությանը համապատասխանել, սակայն, նրա խոսքով, նախարարի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, երբ պնդում է, թե նման գործընթաց առաջին անգամ է իրականացվում․ «Ավելի քան 10 տարի առաջ տեղական ընկերություններից մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին մատակարարել է ռազմական տեխնիկա՝ ևս մի քանի միլիոն դոլարի չափով»։

Քերոբյանի խոսքով՝ տեխնիկայով բավարար հագեցվածության դեպքում պարտադիր չէ, որ ընկերությունները ամբողջ արտադրանքը մատակարարեն տեղական բանակին։ Եթե կա արտահանման հնարավորություն, ապա պետք է այն օգտագործել՝ միաժամանակ չստորադասելով հայկական բանակի շահերը։