27/05/2026

EU – Armenia

Եթե ռուսական գազի գինը բարձրանա, ՀՀ-ում աղքատության մակարդակը կավելանա 2-3 անգամ

Հայաստանի կարգավիճակի հարցը ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայի նիստում քննարկելու են մայիսի 29-ին, իսկ մինչ այդ Ռուսաստանից ամենօրյա ռեժիմով նախազգուշացնող հայտարարություններ են հնչում:

Հրապարակ թերթը գրել է․ Վերջինը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովինն էր, որը մայիսի 25-ի ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Երեւանի համար գրավիչ արտոնյալ գազի գինը կարող է սկսել ձեւավորվել շուկայական հիմունքներով, այսինքն՝ Եվրամիության գներով: «Այստեղ գների կատեգորիան արդեն լրիվ այլ է՝ շուկայական։ Սա շատ լավ հայտնի է մեր երեւանյան բարեկամներին»,- ասել է Պեսկովը՝ հիշեցնելով Փաշինյանի «պարզաբանումը»՝ ինչ-որ պահի պետք կլինի վերջնական որոշում կայացնել:

Ի՞նչ ասել է՝ եվրոպական գներ, եւ ինչպե՞ս կփոխվի Հայաստանում կյանքի մակարդակը, քանի՞ անգամ կաճի աղքատությունը: Մեր հարցերին պատասխանելով՝ էներգետիկ հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը նկատեց, որ «եվրոպական գներ» ասվածը ձեւավորվում է հոլանդական բիրժայում, որը որոշում է գազի գինը՝ պայմանավորված առաջարկով եւ պահանջարկով: «Հիմա գազի գինը բավականին բարձր է: Եվրոպացիները գազը ստանում էին Կատարից, բայց հիմա, քանի որ Հորմուզի նեղուցը փակ է, իրենք այլեւս չեն վաճառում: Ժամանակին Եվրոպան Ռուսաստանից ստանում էր խողովակային գազ, որն ամենաէժանն էր, ու որը հիմա չեն ստանում, քանի որ «Հյուսիսային հոսք» գազատարները պայթեցվել են, եւ այնտեղ գազի գինը տատանվում է, ըստ սեզոնի, 400-600 դոլար»:

Տեղեկացանք, որ այս պահի գնով 1000 խմ բնական գազի արժեքը հոլանդական բիրժայում կազմում է մոտ 485-490 եվրո: Սրանք գազի մեծածախ գներն են՝ շեշտում է փորձագետը, եւ բնակչության համար գները շատ ավելի բարձր են: Թե ռուսներն ինչքանով կբարձրացնեն գազի գինը Հայաստանի համար, այս պահին դժվար է ասել: «Օրինակ, երբ Վրաստանի հետ հարաբերությունները վատացան, նրանք գազի գինը Վրաստանի համար դարձրին 250 դոլար, որը Վրաստանի համար շատ թանկ էր: Վրաստանը դրա դիմաց գազ էր վերցնում Ադրբեջանից, որը 240 դոլար էր: Բայց էն ժամանակ Ադրբեջանն ազատ գազ ուներ, հիմա չունի: Եվ վրացիները կամաց-կամաց նորից սկսեցին ռուսներից գազ վերցնել: Այս պահի դրությամբ ռուսական գազը վրացական շուկայում դոմինանտ է, թեեւ դրա շուրջ աղմուկ չեն բարձրացնում: Նրանք շատ գազ են վերցնում ռուսներից՝ հույսով, որ ռուսները կիջեցնեն գինը: Եթե մեզ մոտ գազի գինը նույն՝ 250-ը դառնա, ապա բնակիչների համար կդառնա մոտ 500 դոլար, հիմա մանրածախը 300-400 դոլար է: Սա կազդի ամեն ինչի գների վրա՝ ե՛ւ էլեկտրաէներգիայի գների վրա, ե՛ւ մեքենաների շարժի, ե՛ւ խոշոր ջերմոցների գների վրա, որոնք էլի գազով են աշխատում, ամեն ինչի վրա: Իսկ այլընտրանքային գազ ցածր գնով՝ 250 դոլարով, տարածաշրջանում չկա: Ադրբեջանը, օրինակ, Թուրքիային գազ է վաճառում 290-300 դոլարով»,- նշեց Արմեն Մանվելյանը:

Հիշեցնենք․ այս պահին Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, ռուսական գազը շարունակում է ստանալ արտոնյալ՝ 1000 խմ-ի դիմաց 165 ԱՄՆ դոլարով: Քանի՞ անգամ կավելանա աղքատությունը Հայաստանում՝ մեր հարցին Արմեն Մանվելյանը պատասխանում է. «Աղքատությունը Հայաստանում կավելանա 2-3 անգամ, որովհետեւ, նորից եմ ասում՝ երբ որ խոսում ենք էներգետիկայի մասին, պետք է նայենք ամեն ինչ: Օրինակ, հարստացված ուրանը ռուսները մեզ միջազգային գներից էժան գներով են տալիս, եւ, բացի դա, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մենք բենզինի որոշակի քվոտաներ ունենք, որոնք մեր դեպքում պահպանվում են: Եթե դուրս ենք գալիս, այդ բենզինի քվոտաներից էլ ենք զրկվում, եւ ցանկացած պահի նա կարող է ասել՝ քեզ բենզին չեմ ծախում, գնա, ումից ուզում ես, բեր: Նշանակում է, բենզինի գները կթանկանան, միջուկային վառելիքի գինը կթանկանա, շղթայական ռեակցիայի է բերելու»: Ի՞նչ կարող է անել Հայաստանն այս վատթարագույն իրավիճակում: «Ոչինչ,- պատասխանում է Արմեն Մանվելյանը,- նույնը, ինչ Վրաստանը: Ամերիկացիները նրանց գումար էին տալիս դրա դիմաց, ասում էին՝ ոչինչ, դիմացեք, մենք ձեզ փող կտանք, նախարարներին աշխատավարձ էին տալիս, բայց նույնը Հայաստանի համար չեն անելու: Վրաստանն էլի կամաց մտավ ռուսական շուկա, եւ նույնը Հայաստանին է սպասվում: Այլընտրանք չկա: Իրանն ինքը գազի կարիք ունի այս պատերազմի արդյունքում, եւ կարող է նա՝ ինքը դադարեցնել գազի արտահանումը Հայաստան, եւ հետո՝ Իրանի շուկան արագ աճում է: Իսկ Ադրբեջանը, հիշում եք, որ Երեւան էին եկել ԵՄ անդամները, հետո թռան Բաքու, մասնավորապես՝ Իտալիայի վարչապետը: Ադրբեջանի հետ նրանք գազի պայմանագրեր են կնքում: Հասկանալի է, որ Ադրբեջանին ավելի ձեռնտու է գազ վաճառել իտալացիներին, քան էժանով վաճառել Հայաստանին»,- նշեց փորձագետը: