01/07/2026

EU – Armenia

Իրանն ու ԱՄՆ-ն կարևոր որոշման են եկել․ մանրամասներ

ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել է Իրանի ծովային շրջափակումը։ Այս մասին, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունում Իրանի բանակցային խմբի ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Ավելի վաղ ԱՄՆԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ամերիկյան ուժերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վերացրել են Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների ծովային շրջափակումը:

« – Այո։.. դուք տեսաք, որ Թրամփն այդ մասին հայտարարեց, նույնիսկ 30 օր չի անցել (ինչպես դա ենթադրվում էր հուշագրով – խմբ.)»,- ասել է Ղալիբաֆը իրանական հեռուստատեսության եթերում ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ամբողջությամբ հանել է ծովային շրջափակումը։

Նա ընդգծել է, որ այժմ իրանական առևտրային նավերի և լցանավերի համար անցումն ազատ է, Օմանի ծոցը հատելիս ոչ մի խոչընդոտ չի առաջանում:

Ղալիբաֆի խոսքով՝ ծովային շրջափակման վերացումից ի վեր Իրանին հաջողվել է ավելի քան 40 մլն բարել նավթ արտահանել:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: