16/07/2026

EU – Armenia

Երբ մեծ երաժշտությունը բախվում է փոքր կազմակերպչական մտածողությանը, գավառականությունը՝ նախասրահում

Երևան էր եկել աշխարհահռչակ բեյրութցի ջազ շեփորահար Իբրահիմ Մաալուֆը։ Այնպիսի երաժիշտ, որի յուրաքանչյուր համերգը տոն է, որի երաժշտությունը վաղուց հատել է ժանրերի ու սահմանների բոլոր գծերը։

Բայց երեկ Մարզահամերգային համալիրում առաջին տպավորությունը ոչ թե երաժշտությունն էր, այլ կազմակերպչական քաոսը։

May be an image of lighting

Համերգային համալիրի գլխավոր մուտքը փակ էր, հանդիսատեսին ստիպել էին շենք մտնել հետնամասից։ Մարդկանց հոսքը չէր կառավարվում, հերթերն ու խառնաշփոթը տպավորություն էին ստեղծում, թե ոչ թե միջազգային մակարդակի համերգի, այլ պատահական միջոցառման ես եկել։

Ամենացավալին, սակայն, այն էր, որ այդ ամենի ֆոնին կազմակերպիչների ուշադրությունը կարծես կենտրոնացած էր ոչ թե հանդիսատեսի, ոչ էլ արվեստի, այլ պաշտոնյաների ընդունելության վրա։ Տպավորություն էր ստեղծվում, որ համերգի գլխավոր իրադարձությունը ոչ թե Իբրահիմ Մաալուֆի բեմ բարձրանալն էր, այլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ժամանումը։ Իսկ երբ մշակութային միջոցառումը վերածվում է պաշտոնյաների շուրջ ցուցադրական եռուզեռի, արվեստն ակամա մղվում է երկրորդ պլան։

Այս ամենը ցավալի էր հատկապես այն պատճառով, որ Իբրահիմ Մաալուֆի նման երաժշտին Հայաստանը պետք է ընդուներ արժանապատվորեն՝ եվրոպական մշակութային չափանիշներին համապատասխան կազմակերպվածությամբ, այլ ոչ թե այնպիսի մթնոլորտով, որը ստվերում էր երեկոյի գեղեցկությունը դեռ մինչև առաջին հնչյունը։

No photo description available.

Իբրահիմ Մաալուֆի նման երաժշտի համերգը պետք է լիներ Երևանի մշակութային տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը։ Պետք է լիներ։ Բայց երեկ առաջին «ստեղծագործությունը», որ ներկայացվեց հանդիսատեսին, ոչ թե Մաալուֆի շեփորն էր, այլ կազմակերպչական կատարյալ կակոֆոնիան։

Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքը փակ էր։ Հարյուրավոր մարդիկ շենք էին մտնում հետնամասից՝ իրար հրելով, իրար հարցնելով, թե ընդհանրապես որտեղից պետք է ներս մտնել։ Ոչ ուղղորդում, ոչ տեղեկատվություն, ոչ այն զգացողությունը, որ եկել ես միջազգային մակարդակի համերգի։ Ավելի շուտ թվում էր, թե պատահաբար հայտնվել ես մի միջոցառման, որի կազմակերպիչներն իրենք էլ դեռ չեն հասկացել, թե ինչ են կազմակերպում։

May be an image of saxophone, trumpet, accordion and violin

Սակայն երեկոյի ամենատխուր տեսարանը նույնիսկ այդ խառնաշփոթը չէր։

Տպավորություն էր ստեղծվում, որ կազմակերպիչների ուշադրության կենտրոնում ոչ թե հանդիսատեսն էր, ոչ էլ այն արտիստը, որի անունով մարդիկ գնել էին տոմսերը, այլ պաշտոնյաների ժամանումը։ Երբ մշակութային միջոցառման գլխավոր ռեժիսորը դառնում է արարողակարգը, արվեստը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդ պլանում։

Տարիներ շարունակ Հայաստանում սիրում ենք խոսել «միջազգային չափանիշներից», «մշակութային մայրաքաղաքից», «ջազային ավանդույթներից»։ Բայց միջազգային չափանիշը սկսվում է ոչ թե գեղեցիկ մամուլի հաղորդագրություններից, այլ առաջին իսկ րոպեից՝ այն պահից, երբ հանդիսատեսը մոտենում է դահլիճին։ Եթե այդ պահին նրան դիմավորում են քաոսը, անտարբերությունն ու պաշտոնամոլության մթնոլորտը, ապա արդեն նշանակություն չունի, թե բեմում ով է նվագում։

Իբրահիմ Մաալուֆը, ինչպես միշտ, բարձր էր իր արվեստի մեջ։ Նրա երաժշտությունը երեկ նույնպես հաղթեց։ Բայց այդ հաղթանակը կազմակերպիչների շնորհիվ չէր, այլ նրանցից անկախ։

Եվ սա հենց այն դեպքն է, երբ պետք է կարողանալ տարբերել համերգ կազմակերպելը հյուր ընդունելուց։ Մեծ արտիստ հրավիրելը դեռևս մշակույթ չէ։ Մշակույթը սկսվում է այն հարգանքից, որը ցուցաբերում ես հանդիսատեսի, երաժշտի և սեփական քաղաքի նկատմամբ։

Մնացած ամեն ինչը՝ Երևանի քաղաքապետ համարվող Տիգրան Ավինյանի պես պաշտոնյաների շուրջ եռուզեռը, ցուցադրական ակտիվությունը, ընդամենը ձևականություն է։ Իսկ ձևականությունը երբեք ջազ չի եղել։ Այն լավագույն դեպքում ֆոնային աղմուկ է, որը խանգարում է լսել երաժշտությունը։

Kamo Movsesyan (@kamo.movsesyan) • Facebook

Երեկ ուշադիր հետևում էի Հայաստանի ջազ ասոցացիայի նախագահ Կամո Մովսեսյանին։ Անկեղծ ասած, դժվար էր հասկանալ, թե նա այդ երեկո զբաղված էր Իբրահիմ Մաալուֆի համերգո՞վ, հանդիսատեսի՞ խնդիրներով, թե՞ բոլորովին այլ առաքելությամբ։

Իմ աչքով տեսած պատկերն այն էր, որ կազմակերպչի ողջ եռանդը կենտրոնացած էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ժամանման շուրջ։ Հենց քաղաքապետը հայտնվեց, սկսվեց այն, ինչ, ցավոք, Հայաստանում վաղուց դարձել է մշակութային միջոցառումների անբաժանելի մասը՝ պաշտոնյայի շուրջ ցուցադրական պտույտներ, անհանգիստ ուղեկցում, չափազանցված ուշադրություն և այն հոգեբանությունը, երբ թվում է, թե երեկոյի գլխավոր հյուրն այլևս երաժիշտը չէ, այլ իշխանության ներկայացուցիչը։

Եվ այստեղ է խնդիրը։ Երբ Հայաստանի ջազ ասոցացիան, որը կոչված է ծառայելու ջազին, արվեստագետին և հանդիսատեսին, ակամա սկսում է ծառայել արարողակարգին, ջազը դառնում է ֆոն, իսկ պաշտոնյան՝ գլխավոր գործող անձը։

Ջազը ծնվել է ազատ մարդկանց երաժշտությունից։ Այն երբեք չի ծնվել իշխանավորների շուրջ պտտվելու մշակույթից։ Ջազը խոնարհվում է միայն երաժշտության առաջ։ Մնացած բոլոր խոնարհումները նրա բնույթին խորթ են։

Սիմոն Սարգսյան