Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության վերականգնման կենտրոնի տնօրեն Զառա Մալայանի հետ զրուցել ենք Մալայանների բժշկական ժառանգության, իր հայրիկի անունը կրող կենտրոնի առանձնահատկությունների և ժամանակակից բուժառուի սպասումների մասին։

– Երբ սկզբում փորձում էի գտնել Ձեզ, որոնումները տանում էին դեպի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, և ենթադրում էի, որ հենց այդ բուժհաստատության տնօրենն եք։ Սակայն պարզվեց, որ ղեկավարում եք Ձորափի փողոցի 4/3 հասցեում գործող Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության կենտրոնը։ Ինչո՞ւ, եթե ակնաբուժական կենտրոն, ապա ոչ Ձեր պապիկի։
– Երկար տարիներ աշխատել եմ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, որն, իհարկե, կրում է պապիկիս անունը։ Այդ տարիներին սկզբում զբաղվել եմ միջազգային հարաբերությունների համակարգմամբ, հետո՝ ընդհանուր գծով փոխտնօրենի պաշտոնը՝ աշխատելով հայրիկիս անմիջական ղեկավարությամբ։
Սակայն ժամանակի ընթացքում հասունացավ սեփական բժշկական կենտրոն հիմնելու գաղափարը։ Ցանկանում էի ստեղծել այնպիսի հաստատություն, որը կկրի հայրիկիս՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի անունը:
Կյանքի արագ տեմպի և՝ առհասարակ կենսակերպի փոփոխության հետ կապված, մարդիկ նախընտրում են սպասարկվել, հետազոտվել, բուժվել կամ վիրահատվել ավելի մասնավոր, կամերային և հարմարավետ միջավայրում։ Այդպիսի բուժհաստատություններում բուժառուին հնարավոր է ցուցաբերել անհատական, առանձնահատուկ մոտեցում, որի պայմաններում բուժառուն իրեն ավելի ապահով է զգում․ չկան մեծ հերթեր, մարդկային հոսքեր կամ շտապողականություն, փոխարենը՝ կա անհատական և հոգատար մոտեցում յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։
Ես և իմ կոլեկտիվը փորձում ենք ամեն բան անել, որպեսզի պահպանվեն մեր աշխատանքի հիմնական սկզբունքները՝ կազմակերպվածություն, հարմարավետություն և անհատական մոտեցում։ Այդ նպատակով աշխատում ենք նաև շաբաթ օրերին, ինչը ժամանակակից կյանքի պայմաններում բավական պահանջված է։
Դուք մասնագիտությամբ բժիշկ չեք ․․․
Իմ խորին համոզմամբ, ցանկացած հիմնարկ ղեկավարելու համար՝ առաջին հերթին պետք է լինել կազմակերպիչ, մենեջեր, ունենաս խորը և ժամանակակից գիտելիքներ մարկետինգի մասին և մարդկային ռեսուրսներ, անհրաժեշտություն է, որ անընդհատ սովորես ու փորձես քո կազմակերպությունում ներդնել արդեն հաջողված նմանատիպ մոդել։
Ես ծնվել և մեծացել եմ բժիշկների ընտանիքում, երկար տարիներ աշխատել եմ հայրիկիս կողքին և ունեմ բազային ակնաբուժական այն գիտելիքները, որոնք չէի ունենա, եթե չլիներ այդ ամենը։
Ունեմ երկու բարձրագույն կրթություն՝ բանասիրական և իրավաբանական, վերջին վեց տարվա մեջ ավարտել եմ բժշկական մարկետինգի կուրսեր, «Բուժհաստատությունների կառավարում» դասընթացներ՝ Երևանի պետական բժշկական համալսարանում, և ամենակարևորը՝ աշխատանքային փորձ Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, ինչը իմ կարծիքով, ամենակարևորն է։
Այնաուամենայինիվ, այսօր լինելով Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության կենտրոնի տնօրեն, Դուք ինչպես եք խուսափում քաղաքացիների կողմից Մալայան կենտրոնների նույնականացումից։
Ես հիմնել եմ Ալեքսանդր Մալայանի անվան Տեսողության կենտրոնը, որովհետև այն ներդրումը, որ հայրս ունեցել է հայկական ակնաբուժության մեջ, անմնացորդ է՝ իր մոտեցումը բուժառումներին, իր մասնագիտական սյկզբունքները, բժշկական էթիկան ես փորձում եմ փոխանցել իմ բժիշկներին։
Հայրս համարվում է աչքերի միկրովիրաբուժության հիմնադիրը Հայաստանում, ավելի մանրամասնեմ՝ Հայաստանում այսօր կատարվող ակնային հիմնային վիրահատությունների մեծ մասը առաջինը կիրառել է հայրիկս՝ Ալ․ Մալայանը։ Եվ ամենակարևորը, Ալեքսանդր Մալայանը կրթել է ակնաբույժների սերունդներ, ովքեր այսօր պատվով շարունակում են նրա հիմնած գործը։ Իսկ քաղաքացիները արդեն աստիճանաբար կողմնորոշվում ու տարբերակում են մեր կենտրոնը, որը պարզապես ժամանակի հարց է:

Ինչ եք ժառանգել մեծահամբավ, հարգարժան Ալեքսանդր Մալայանից՝ ամենակարևորը, այն կարևոր խորհուրդները, որ տվել է նա, թե՛ առողջապահության կազմակերպման գործում, թե՛ կյանքում ․․․
Մանուկ հասակում, անկեղծ, ես հայրիկիս գրեթե չեմ հիշում տանը, նա ամբողջությամբ զբաղված էր Ս․Վ Մալայանի անվան Ակնաբուժական հանրապետական կենտրոնով, որը կարծես նրա երկրորդ տունը լիներ, եթե ոչ առաջինը։ Իհարկե՝ նրա լրջագույն ազդեցությունը կար մեր՝ իմ ու քույրիկիս վրա, նրա ազգանունը մեր առջև բացում էր շատ – շատ դռներ, բայց հայր և դուստր շփումը շատ չի եղել։ Ամուսնացել եմ շատ վաղ տարիքում՝ լքելով հայրական տունը …
Ես իր հետ առավել սերտ ու երկարատև հաղորդակցվել եմ, երբ արդեն աշխատում էի իր ենթակայությամբ։ Շատ խորհուրդներ է տվել, սակայն ամենակարևորը, որ մշտապես հիշում եմ, երբ ասում էր փորձիր լինել առավել համբերատար՝ թե՛ առողջապահության կազմակերպման գործում, թե՝ անձնական կայնքում։
Բնականաբար, կանայքս առավել էմոցիոնալ ենք, չէ, երբեմն ոչ համբերատար, սակայն նրա այդ խորհուրդը մշտապես իմ մտքում է։ Երբեմն՝ Ալեքսանդր Մալայանն այնքան զուսպ ու համբերատար էր, որ անգամ շարժում էր զարմանքս, թե ինչպես է առհասարակ հնարավոր այդպես։ Ամեն ինչն իր ժամանակն ունի, այսօր էլ կյանքում՝ անելանելի թվացող իրավիճակներում միշտ հիշում եմ իր հատկապես այդ խորհուդը։
Շարունակությունը՝ հաջորդիվ
Զրուցեց՝ Սիմոն Սարգսյանը


Բաց մի թողեք
Դեպքից 1 շաբաթ անց 90-ամյա տղամարդը կյանքից հեռացել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում
Հոգեկան առողջության պահպանման կենտրոնում հայտնաբերվել է կյանքից հեռացած կին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին