Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի իշխանությունների կողմից բենզինի գների էժանացմանն ուղղված ջանքերն ի դերև լինեն։
Հիշո՞ւմ եք՝ դեռ նախորդ տարեվերջին Ադրբեջանից Հայաստան բենզին ներմուծելու ֆոնին իշխանություններն ինչպես էին գլուխ գովում, թե իրենք նաև բենզինի շուկայի դիվերսիֆիկացման շնորհիվ բենզինի գնի համար հնարավորինս ցածր շեմ են հաստատել։ Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակը՝ 1215 տոննա պրեմիում («ԱԻ-95») տեսակի, Հայաստան է մուտք գործել 2025-ի դեկտեմբերի 19-ին։ Իսկ երկրորդ խմբաքանակը Հայաստան ներմուծվեց 2026-ի հունվարի 8-ին ՝ 6100 տոննա պրեմիում («ԱԻ-95») և ռեգուլյար («ԱԻ-92») տեսակի։
Առաջին խմբաքանակի տարանցման համար Վրաստանը տուրք չէր գանձել՝ դա ներկայացնելով որպես խաղաղության գործընթացին ուղղված ժեստ։ Նշված ժամանակահատվածում բենզինի շուկայում իրոք որոշակի գնանկում եղավ, որը իշխանությունները պայմանավորեցին Ադրբեջանից մուտք գործած բենզինով, թեև նշված խմբաքանակը Հայաստան ներմուծվող բենզինի ընդհանուր քանակի չնչին տոկոսն էր կազմում։ Ընդհանուր առմամբ Հայաստան տարեկան ավելի քան 200 հազար տոննա բենզին է ներկրվում։ Եթե այդ ծավալը բաշխենք ամիսների մեջ, կստացվի, որ ամսական ավելի քան 16 հազար տոննա բենզին է մուտք գործում Հայաստան, որի առյուծի բաժինը կազմում է ռուսական վառելիքը՝ 50-60 տոկոս (ամսական մոտ 57 000 տոննա), այնուհետև Եգիպտոսից ներմուծվողը (ամսական մոտ 54 000 տոննա)։
Ադրբեջանից Հայաստան բենզին ներմուծելուց հետո Հայաստանում իրոք բենզինի գների անկում եղավ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակի բենզինի գները 510, 530 դրամից դարձան 4 440-430 դրամ։ Բայց այդ գները երկար չպահպանվեցին և այսօր անգամ էժանանալուց առաջ շուկայում եղած գներին են գերազանցել։ Այսօրվա դրությամբ բենզինի գինը ռեգուլյար տեսակի համար տատանվում է 520-540 դրամի սահմաններում, իսկ պրեմիում տեսակի համար՝ 550-560-ի սահմաններում։

Բաց մի թողեք
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Ինչպե՞ս լցնել ԵՄ գանձարանը։ Եվրոխմբի ղեկավարը հնարամիտ գաղափար ունի
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»