01/08/2026

EU – Armenia

ԱՄՆ նախագահին գործընթացի «մանրուքները չեն հուզում», նրան պետք է Կոնգերսի միջանկյալ ընտրությունները

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածում մյուս բոլոր խմբավորումների լիակատար զինաթափման հարցում հասել է պատմական համաձայնության»,- անձնական Truth Social հարթակում հուլիսի 31-ին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ըստ BBC-ի, դրան նախորդել է պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների և միջնորդների Կահիրեում հանդիպումը։

«Այդ համաձայնությունը կարեւոր քայլ է, որպեսզի Գազան վերջապես կառավարվի պաղեստինյան նոր կառավարության կողմից, որ սերտորեն կհամագործակցի Խաղաղության խորհրդի հետ»,- դիվանագիտական առաջընթացի իմաստը մեկնաբանել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ «զինաթափման ավարտին համապատասխան՝ իսրայելական զորքերը դուրս կբերվեն, իսկ միջազգային կայունացնող ուժերը կաշխատեն պաղեստինյան նոր ոստիկանության հետ»։

Թրամփը միաժամանակ շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային։

ՀԱՄԱՍ-ի «բարձրաստիճան ներկայացուցիչը» BBC-ն ասել է, որ համաձայնագրի իմաստով «ծանր սպառազինությունները կպահեստավորվեն և կմնան Գազայում, իսկ վերահսկողությունը կիրականացնի միայն պաղեստինյան վարչակազմը, այդ սպառազինությունները Իսրայելին չեն հանձնվի»։

Աղբյուրը նաև ասել է, որ պաղեստիյնան «բոլոր կազմավորումները զինաթափման այդ ծրագրին համաձայնել են և մոտակա օրերին այդ մասին պաշտոնական հայտարարություն կանեն»։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ներկայացուցիչ Ղազի Համադը, ընդսմին, Al Jazeera-ին ասել է, որ իրենք «զինաթափման ոչ մի քայլ չեն ձեռնարկի՝ մինչև Իսրայելը չհեռանա Գազայից»։

Թրամփի գրառման վերաբերյալ Իսրայելի պաշտոնական արձագանքը դեռևս հայտնի չէ, բայց ամերիկյան «մի պաշտոնյա» Reuters-ին փոխանցել է, որ Երուսաղեմում «ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցում շատ հոռետես» են և հավելել: «Եթե նրանք այդ համաձայնությունը չպահեն, նախագահ Թրամփը խորապես կհիասթափվի»։

Բավական արտառոց է, որ ՀԱՄԱՍ-ի «լիակատար զինաթափման պատմական համաձայնության» մասին գրառումից ընդամենը երեք օր առաջ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը յոթերորդ անգամ հյուրընկալել է Իսրայելի վարչապետին, բայց Վաշինգտոնում միայն «հույս ունեն», որ նա «համաձայնությունը կպահի»։

Հետևում է, որ Կահիրեում ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան մյուս խմբավորումների հետ միջնորդները բանակցել են «Իսրայելի թիկունքում»։ Գազայից իսրայելական զորքերի դուրսբերումը, այնտեղ պաղեստինյան վարչակազմի կառավարության հաստատումը լիովին ձեռնտու է ինչպես արաբական երկրներին, այնպես էլ Թուրքիային։

ԱՄՆ նախագահին, երևում է, գործընթացի «մանրուքները չեն հուզում», նրան պետք է Կոնգերսի միջանկյալ ընտրությունների գնալ Մերձավոր Արևելքում «պատմական համաձայնության հասած» նախագահի կերպարով։

Բայց այդ համաձայնությունը, ինչպես հասկացվում է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Համադի պնդումից, չափազանց խախուտ է, եթե պաղեստինցիները պնդում են, որ կզինաթափվեն միայն Գազայից Իսրայելի բանակի հեռանալուց հետո, ապա Երուսաղեմը, անկասկած, համադարձելու է, որ «կհեռանա, երբ ՀԱՄԱՍ-ը լիովին կզինաթափվի»։

Եվ, ինչպես ասում են, «շրջանը կրկին կփակվի»՝ մինչև նոր էսկալացիա։