Դանիել Իոաննիսյանը, որն այս իշխանությունների սահմանադրագետն է, օրենսդիրը, քաղհասարակությունը, միտինգների քանակ հաշվողը եւ բազում այլ դերակատարումներ ունեցողը, նախընտրական փուլում բացահայտ աջակցում էր ՔՊ-ին, սեւացնելով ընդդիմադիրներին։
Բայց նրան հարկավոր է երբեմն նաեւ անաչառության իմիտացիա ստեղծել, ուստի ընտրություններից առաջ նա մի տրյուկ արեց՝ դատի տվեց Աննա Հակոբյանին՝ բարեգործության արգելքը խախտելու համար։ Իհարկե, դա քրեական պատիժ չի ենթադրում, երբ ընդդիմադիրներին կես խոսքի համար անմիջապես կալանավորում են՝ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշառք խոստանալու համար, իսկ Իոաննիսյանն ընդամենը վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ Աննա Հակոբյանի, որն առավելագույն դեպքում տուգանք է նախատեսում։ Բայց Աննա Հակոբյանը խիստ վրդովվեց այդ հայցից ու իրեն ուղղված մեղադրանքներից եւ անգամ ասուլիս տվեց այդ թեմայով։ Վարչական դատարանն այդ օրերին վարույթ ընդունեց վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ ներկայացված հայցը, որը ներկայացրել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։
Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դեռ ընտրությունների նախօրեին` ապրիլի 23-ին, դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 14 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել է, որ հիմնադրամն օրենք է խախտել։ Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հիմնադրամը չի խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները, եւ հանձնարարել է իր փաստաբանական թիմին՝ ձեռնարկել հակընդդեմ իրավական քայլեր՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։ Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի կողմից 2026 թվականի հունիսի 2-ին վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։
Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը վարույթ է ընդունել նշված հասարակական կազմակերպությունների հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։ Սակայն նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 12:50-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ հետընտրական կրքերը դադարած կլինեն, եւ դատարանը հանգիստ կջրի այս գործը։
Դանիել Իոաննիսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` խնդիր չի՞ տեսնում այս ամենում, երբ ամեն գնով ձգձգում են դատաքննությունը` առաջին նիստը նշանակվել է նոյեմբերին: Ընդդիմադիրների պարագայում այդպես չէ․ հաշված ժամերի ընթացքում վճիռներ են հրապարակվում, մարդկանց կալանավորում են, ամիսներով, տարիներով պահում կալանավայրերում եւ այլն: Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ակտիվ արձակուրդային շրջանում է, շատ բան ասել չի կարող։ «Իսկ Հայաստանում ո՞ր գործերն են արագ որ: Ընտրակաշառքների գործերն արա՞գ են, կամ, առհասարակ, ցանկացած դատական պրոցես այս երկրում ի՞նչ արագությամբ է տեղի ունենում»,- ասաց նա՝ մոռանալով բազմաթիվ ընդդիմադիր գործիչների վերաբերող վճիռները, որոնք կայացվել են կայծակնային արագությամբ: Իսկ Գագիկ Ծառուկյանի պարագայում անգամ վճիռներ չեն կայացվել` նրա բիզնեսները խլում են առանց դատական վճիռների, գործադիրի որոշումներով կամ ուղղակի վարչապետի հրահանգով:

Բաց մի թողեք
Ե՞րբ է «հարստացել» Քոչարյանի ընտանիքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանեց. Տեսանյութ
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները