01/01/2026

Երեւանում` բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելքի Սոֆոյանի գլխավորությամբ։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Լևոն Լևոնյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։