14/12/2024

Արամայիս Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամները կանչվել են դատախազություն. Նրանց պատկանող գույքի վերաբերյալ ամփոփագրեր են կազմվել

Արարատի ՀՅԴ-ական նախկին մարզպետ, նախկին պատգամավոր, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, նրա կինը, որդին ու դուստրը կանչվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան մարտի 13-ին։ Նրանց ուղղված ծանուցագրերում ասված է՝ «Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»:

Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը ահռելի կարողության տեր է։ Ժամանակին մամուլը գրել էր, թե ՀՅԴ-ական մարզպետն իր «անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեց­նում էր «Ավշարի» գինու գործարա­նի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»:

Գրիգորյանը 1987-1988 թթ. աշխատել է նաև Արարատի տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որակի գծով ճարտարագետ: 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով, 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին:

2017 թվականին ստան­ձնելով Արարատի մարզպետի պաշտոնը՝ Գրիգորյանը հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա են հողամաս և տնտեսական այլ շի­նություններ, երկու բնա­կարան՝ բազմաբնակարան շեն­քում, մեկ հողամաս, այգիներ, հա­սարակական և արտադրական նշանակության շինություններ:

Գրիգորյանը հայտարարագրել է LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մար­դատար երեք ավտոմեքենա և ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա: Գրիգորյանի կանխիկ դրամա­կան միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռու­սական ռուբլի և 961 մլն ՀՀ դրամ:

Գրիգորյանի տարեկան եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 77 մլն դրամ, որից 30 մլն-ը՝ երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն՝ այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձ­նելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նա­խարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճ­ման կարգով փոփոխության են են­թարկվել միայն դրամական մի­ջոցները:

Նախկին մարզպետին, ի դեպ, կարելի էր տեսնել ընդդիմության հանրահավաքներին։ Նա պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսի 1-ին, ՀՀ կառավարության որոշմամբ։