27/07/2024

Բայդենը կարող է իրեն թույլ տալ եւ Հիտլեր – Պուտին զուգահեռ դիտարկել

Միացյալ Նահանգների նախագահ Բայդենը Ուղերձով դիմել է ԱՄՆ ժողովրդին՝ հիշեցնելով, որ 1941թ. հունվարին նախագահ Ռուզվելտը նույն սրահից դիմել է Կոնգրեսին եւ ամերիկացիներին եւ ասել, որ դիմում է նրանց Նահանգների պատմության մեջ աննախադեպ պահի:

Բայդենը հիշեցրել է, որ այն ժամանակ Հիտելերի զորքերն առաջ էին շարժվում, Եվրոպայում մոլեգնում էր պատերազմը, եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը հարվածի տակ էր:

Պատմական այս էքսկուրսից ԱՄՆ նախագահն անմիջապես անցել է ներկա իրողություններին: «Եթե որեւէ մեկը կարծում է, թե Պուտինը կբավարարվի Ուկրաինայով, ապա վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»- ասել է Բայդենը: Նա հստակ ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահին. «Մենք չենք հեռանա, մենք չենք խոնարհվի, ես չեմ խոնարհվի»-եւ Կոնգերսին կոչ է արել համաձայնեցնել եւ ստորագրման ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության մասին երկկուսակցական օրենքը:

ԱՄՆ նախագահի Ուղերձն ունի, անկասկած, նաեւ ներքաղաքական, նախընտրական հասցեագրում: Նա հիշեցրել է, թե ինչպես է հանրապետական նախագահ Ռեյգանը ԽՍՀՄ առաջնորդ Գորբաչովին պարտադրել, որ քանդի Բեռլինի պատը՝ ի հակակշիռ իր նախորդի, հանրապետական Թրամփի, ով, Բայդենի ձեւակերպմամբ, Պուտինին ասում է. «Արեք, ինչ ուզում եք»: Բայդենի Ուղերձը փաստացի ՌԴ նապխագահի փետրվարի 29-ի Ուղերձի հայելային պատասխանն է:

Ընդ որում, աչքի է զարնում նրա այն հավաստիացումը, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում զինվորներ չունի եւ ինքը խոստանում է «այդ ստատուս-քվոն պահպանել»: Բայդենը որոշակիորեն ապահովագրել է Ուկրաինային՝ հավաստիացնելով, որ Կիեւը սպառազինություններից բացի «այլ բան չի խնդրում» եւ կարող է պաշտպանել իրեն, եթե բավարար աջակցություն ունենա: Արդյոք դա ակնարկ չէ՞, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները դեռեւս կարող են «կարմիր գծեր» չհատել:

Ռուսաստանյան մամուլն առայժմ կոշտ հակադարձումներով է անդրադարձել Բայդենի «դարակազմիկ» ելույթին: Regnim-ի մեկնաբանը, մասնավորապես, հիմք է ընդունել Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին ՌԴ արտգործանախարար Լավրովի ելույթի թեզերը եւ որոշակիորեն ուրվագծել Ռուսաստանի դաշնակիցների շրջանակը՝ Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, հետխորհրդային երկրներ, որ աջակցում են պատժամիջոցները շրջանցելու հարցում: Ուշագրավ է, որ դաշնակից երկրների շարքում Թուրքիան եւ Հնդկաստանը հիշատակված չեն:

Որքանո՞վ է կայուն Ռուսաստանի եւ Չինաստանի դաշնակցությունը՝ որոշակիորեն դժվար է ասել, ինչպես նաեւ արտառոց է Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հիշատակումը, երբ Ուկրաինան ունի հավաքական Արեւմուտքի քաղաքական անվերապահ աջակցությունը, իսկ պաշտոնական Պեկինն, օրինակ, հակամարտության կարգավորման այնպիսի սկզբունքներ է առաջարկել, որ տրամագծորեն հակադրվում են «Ուկրաինան Ռուսաստան է եւ վերջ» կրեմլյան նարատիվին:

Բայդենին կահաջողվի՞ Կոնգրեսում հասնել երկկուսակցական համաձայնության՝ կախված է, հավանաբար, նրանից, թե որքանով է իրականությանը մոտ Հիտլերի եւ Պուտինի միջեւ պատմա-քաղաքական զուգահեռի նրա դիտարկումը կամ, ավելի ճիշտ՝ որքանո՞վ այդ համեմատությունը կընդունվի Հանրապետական կուսակցության վերնախավի կողմից:

Regnum-ի մեկնաբանը բաց տեքստով գրում է, որ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը սկզբունքորեն կվերանայի դաշնակից, չեզոք եւ ոչ բարեկամ երկրների հետ հարաբերությունները: Հրապարակման հայազգի հեղինակը չի զլացել Հայաստանին դասել Ռուսաստանի հանդեպ «ոչ բարեկամական տրամադրված» երկրների շարքին: Պատմական պահն, ըստ այդմ, չափազանց մարտահրավերային է նաեւ Հայաստանի համար: Բայդենը կարող է իրեն թույլ տալ եւ Հիտլեր-Պուտին զուգահեռ դիտարկել: Իսկ եթե վաղը Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը պայմանավորվե՞ն: