12/12/2024

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Ֆրանսիան լրջորեն մտահոգված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար տիրող պայմաններով»:

Այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Ալի Նագիևը։

Նա նշել է, որ ռուս-ուկրաինական բախումներն ու այլ միջազգային իրավիճակները լուրջ ազդեցություն են թողնում աշխարհակարգի վրա և բարդացնում գործառնական միջավայրը։

«Միջազգային աշխարհում տեղի ունեցող գործընթացները չեն շրջանցում մեր երկիրը, և գաղտնիք չէ, որ այսօր Ադրբեջանում կան ռիսկեր, որոնք սպառնում են կայունությանը և անվտանգությանը։ Ակնհայտ է, որ համաշխարհային մասշտաբով հանրապետության օրեցօր աճող հեղինակությունը, հաղթանակները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար ստեղծված բարենպաստ պայմանները գրավել են Արևմտյան մի շարք երկրների ուշադրությունը, շրջանակների, որոնք հանդես են գալիս որպես «դիտորդական առաքելություն» երկու պետությունների սահմանին, որոնց նպատակն ամենևին էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը չէ»,-հայտարարել է Նագիևը:

Նա հավելել է՝ իբր դա լրջորեն անհանգստացնում է Ֆրանսիային, որը միջնորդական առաքելություն է ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «իրականում միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին և լիարժեք աջակցություն ցուցաբերել նրան»։

Նագիևի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանին հրահրում է նոր պատերազմի: