19/05/2024

ԱՄՆ-ում տեսնում են աշխարհաքաղաքական «խճանկարի փոփոխության» հեռանկար, որ կարող է ուժերի հարաբերակցություն փոխե՞լ

ԱՄՆ պետական դեպարտամենտի Մարդու իրավունքների բյուրոյի ներկայացուցիչ Ռոբերտ Հիլկրիստը ներկայացրել է պետդեպի տարեկան զեկույցի ընդհանուր դրույթները:

Ադրբեջանի մասով նա ասել է, որ պետդեպի տարեկան զեկույցում տեղ են գտել «վստահության արժանի տեղեկություններ մարդու իրավունքների ոտնահարման, ֆիզիկական կամ արժանապատվությունը նվաստացնող բռնությունների մասին»:

Այս ստանդարտ ձեւակերպումները կրկնվում են տարիներ շարունակ եւ ըստ էության ոչինչ չեն փոխում:

Արտառոցը, թերեւս, այն է, որ Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի զեկույցում առանձնահատուկ ընդգծված է, որ անցած տարի ւ Ադրբեջանի իշխանություններն «Իրանի հետ կապի կասկածանքով աննախադեպ թվով մարդկանց են ձերբակալել»: Ադրբեջանին վերաբերող քաղաքագիտական վերլուծություններում ավանդաբար այն տեսակետն է իշխել, որ ինքնության երկու՝ իրանական եւ թուրքական պատկերացում կա:

Երկրորդ ընկալման հովանավոր է դիտարկվել ոչ միայն Թուրքիան, այլեւ Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Անցած երեք տասնամյակներին Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ կրոնա-դավանաբական ընդգծված քաղաքականություն են վարել՝ հօգուտ իսլամի սուննի ուղղության: Ձերբակալված մոտ հարյուր անձինք, որոնց մասին նշված է պետդեպարտամենտի տարեկան զեկույցում, գերազանցապես ընդգծված հավատացյալներ են՝ իսլամի շիա ուղղության հետեւորդներ:

Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ նրանք չեն ենթարկվում հավատացյալների նկատմամբ Ադրբեջանի կառավարության սահմանած վերահսկողությանը, հրաժարվում են իշխանության կողմից նշանակված «հոգեւոր սպասավորների ծառայությունից» եւ պայքարում են, որպեսզի ունենան բացառապես շիա ուղղություն դավանող՝ «ազատ կրոնական համայնքներ»: Պետական դեպարտամենտը հազիվ թե տեղյակ չէ «Իրանի հետ կապերի» շինծու մեղադրանքով ձերբակալվածների գործից:

Տարեկան զեկույցում առանձնացնելով փաստացի իրանական ինքնության պահպանման համար ձերբակալվածների խնդիրը՝ Վաշինգտոնն ի՞նչ է ակնարկում: Ադրբեջանում թուրքական ինքնության պետական հովանավորչությունը Վաշինգտոնին ձեռնտու չէ՞, Միացյալ Նահանգները տեսնում են աշխարհաքաղաքական «խճանկարի փոփոխության» հեռանկար, որ կարող է ուժերի հարաբերակցություն փոխե՞լ: Վաշինգտոնն ուղղակի կամ միջնորդավորված ի՞նչ քննարկումների մեջ է Թեհրանի հետ, ինչի մասին տեղեկատվությունը փաստացի իրանական կողմը չի հերքում:

Մենք Ադրբեջանի կառավարության հետ բոլոր մակարդակի շփումներում բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը,- հայտարարել է պետդեպի Մարդու իրավունքների բյուրոյի ներկայացուցիչը: Դա վերաբերում է նաեւ «Իրանի հետ կապերի» կասկածանքով ձերբակալվածնեւրի՞ն: Վաշինգտոնը փորձում է Ադրբեջանի թուրքական ինքնությունը հակակշռել իրանական ազդեցությա՞մ: Ինչու՞: