18/05/2024

Կրիպտոարժույթների կարգավորման ոլորտում Հայաստանը պետք է ընդունի ԱՄՆ-ի կամ Սինգապուրի մոդելը, և ոչ՝ եվրոպականը․ հայտարարություն. Լուսանկարներ

Կրիպտոարժույթների կարգավորման ոլորտում Հայաստանը պետք է ընդունի ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի Սինգապուրի կամ այլ առաջատար երկրների մոդելը, և միանշանակ ոչ՝ եվրոպականը։ Այս մասին հայտարարություն է տարածել Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։

«Նախօրեին կառավարության նիստում քննարկված կրիպտոարժույթների կարգավորումները, որի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկումն ընթանում էր ՀՀ վարչապետի ղեկավարությամբ։ Առաջին հայացքից քննարկումը վերաբերում էր կրիպտոարժույթներին, որոնք շատ փոքր տեղ են գրավում մեր հանրության կյանքում․ քննարկում էր ընթանում՝ ընդունե՞լ համապատասխան կարգավորումներ, թե՞ ոչ։

Սակայն խնդիրը ավելի խորքային է։ Նախ, կրիպտոարժույթները մոտակա ժամանակներում պետք է մեծ տեղ գրավեն հանրության շրջանում։ Սակայն հարցն այն էր, թե ինչպիսի կարգավորումներ անցկացնել։ Վերջինը խիստ քննարկման կարիք ունի։ Մի նժարի վրա ունենք աշխարհի խոշորագույն երկրների՝ ԱՄՆ-ի, Սինգապուրի, ԱՄԷ-ի մոդելները, որոնք խոշոր ընկերություններին, IT ստարտափներին, միջազգային խաղացողներին հնարավորություն են տվել մուտք գործել այդ շուկա և գործել օրինական հարթակում՝ այդպիսով կատարել ներդրումներ, վճարել հարկել, մինիմալացնել փողերի լվացման ռիսկից և հարկային դաշտ բերել կրիպտոարժույթների օգտատերերին։ Մյուս մոտեցումը՝ Եվրոպական միության կողմից այս տարի հաստատված մոտեցումն է, որի արդյունքում բոլոր խոշոր ընկերությունները կդադարեցնեն իրենց աշխատանքը, գրանցում չեն ունենա ԵՄ տարածքում, որի հետևանքով քաղաքացիներն այլ երկրներում են վճարելու իրենց հարկերը »,-իր հայտարարության մեջ նշում է Արտյոմ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հարցականի տակ է՝ արդյոք Եվրոպան կարողանալո՞ւ հետևել այս օրենքին։

«Վերջին տարիներին կրիպտոոլորտը ուղիղ մրցակից է բանկային համակարգին, և ԵՄ-ն իր իսկ բանկային համակարգի համար ճանապարհ է հարթում։ Արդյոք այդտեղ չկա՞ շահերի բախում մեր քաղաքացիների և պետության համար։ Վերցնել մի օրենսդրություն, որը մեզ համար շահեկան չէ, շահողը ԵՄ բանկային համակարգն է, բոլորովին անհիմն է։ Օրենքը այս վիճակով հակառակ պրոցեսի է բերելու։ Օրենքը պետք չէ ընդունել ԵՄ-ի օրինակով, պետք է ընդունել ԱՄՆ, Սինգապուր, ԱՄԷ մոդելները հիմք վերցնել։ ԵՄ-ի օրինակը անիրագործելի է, բերելու է նրան, որ հարկեր վճարելու փոխարեն Հայաստանի քաղաքացիները գնալու են ստվերային և չկարգավորվող գործունեության դաշտ։ Կարգավորվող ընկերությունները դուրս են գալու Հայաստանից, փակվելու են փոխանակման կետերը»,- նշում է Արտյոմ Հարությունյանը։

Նա հավելում է՝ օրենքի եվրոպականին մոտ տարբերակն ընդունելը միանշանակ մեր պետական շահերից բխող տարբերակ չէ։ Կարիք կա ավելի խորը քննարկման, որ կառավարությունը հասկանա, թե որոնք են օրենքի այդ ձևի կողմ և դեմ կետերը։ Եվրոպայի փոխարեն կարելի է օրինակ վերցնել ավելի զարգացող երկրներից։ Եվ Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամի ամբողջ անձնակազմը, թիմը, համահիմնադիրները, ինչպես նաև ողջ Web3 կրիպտո համայնքը պատրաստ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը՝ ճիշտ օրենսդրական կարգավորումներ ընդունելու ճանապարհին։

Առաջիկայում խնդրի վերաբերյալ Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես կգա առավել խորքային և ընդարձակ հայտարարությամբ։