14/07/2024

Պուտինը սադրում է Ուկրաինային, պատերազմը կթևակոխի ՌԴ-ին նոր վտանգների փուլ

Ռուսաստանի նախագահն, ըստ երեւույթին, հաշվարկել է, որ բարձրագույն իշխանություն «շնորհելով» Ուկրաինայի խորհրդարանին, հնարավոր է ներվերնախավային հակասություններ սադրել:

Ընդ որում, երկու շաբաթ հետո Շվեյցարիայում պետք է Խաղաղության խորհրդաժողով գումարվի, որտեղ Զելենսկին ձգտում է միջազգային կոնսենսուս ապահովել կարգավորման իր ծրագրի շուրջ: Անշուշտ, վաղ է ասել, թե ներուկրաինական «առնետավազքի» հավանականությունը լիովին բացառված է:

Բայց այս համապատկերին կարեւորվում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երկօրյա այցը Գերմանիա: Արեւմտյան մամուլը սեւեռված է Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ նրա համատեղ մամուլի ասուլիսի հատկապես մի դրվագի վրա:

Մակրոնն ասել է, որ Ուկրաինան պետք է արեւմտյան հեռահար զինատեսակներն օգտագործի՝ խոցելու Ռուսաստանի խորքային տարածքի թիրախները, ինչին կանցլեր Շոլցը չի հակադարձել՝ ասելով, որ Ուկրաինան «ինքնապաշտպանության իրավունք ունի»: Ֆրանսիան եւ Գերմանիան նաեւ պայմանավորվել են հեռահար սպառազինության համատեղ արտադրություն սկսել:

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Պիշուլինն այդ առթիվ ասել է, որ Ուկրաինայի «տարածքում սանիտարական գոտու մեծությունը կախված է մատակարավող արեւմտյան զինատեսակների քանակից եւ որակից»:

Խարկովի շրջանում, մինչդեռ, Ռուսաստանի հարձակողական գործողությունները վերջին մի քանի օրերին «չեն ծավալվում»: Հնարավոր է, դա պայմանավորված է քաղաքական սպասողականությամբ: Իրավիճակն, իրոք, կուլմինացիոն է. եթե Ուկրաինան արեւմտյան հեռահար զինատեսակնեից թիրախավորի Ռուսաստանի խորքային տարածքները, ապա հետեւելու է «հայելային պատասխան»:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենն այցելել է Մոլդովա, որ անմիջապես սահմանակից է ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմին: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին իշխող ուժին մեղադրել է «Անակլիան չինացիներին վաճառելու մեջ»:

Վրաստանում Չինաստանի ազդեցության խորացումը նա երկրի համար «մահացու վտանգ» է գնահատել: Վրացի որոշ փորձագետներ չեն բացառում, որ գործող նախագահ Զուրաբիշվլիլին աշնանը կայանլիք ընտրություններում կառաջնորդի «միավորված ընդդիմությունը»:

Մայիսի 28-ին Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է նաեւ հայ-ադրբեջանակն կարգավորումը: Հաջորդ օրը Թուրքիա են մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը եւ նրա առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ Վելիեւը: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործուղվել է Պակիստան:

Իլհամ Ալիեւն ասել է, որ հետեւում են Հայաստանի վերջին իրադարձություններին, որտեղ «շատ ռեւանշիստներ կան, որ կարող են տարածքային պահանջներ ներկայացնել» Ադրբեջանին եւ «պետք է ցանկացած իրավիճակի պատրաստ լինել»:

Խիստ զգայուն է ինչպես Իրանի ներքին, այնպես էլ նրա շուրջ արտաքին դրությունը: Արեւելյան Եվրոպայից Սեւծովյան-Կասպյան տարածաշրջան, իսկ այնտեղից դեպի Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք տարածվող լարվածության գծերի որեւէ հատվածում ցանկացած պահի «կարճ միացում» սպասելի է, եթե ռուս-ուկրաինական պատերազմի «մահացու շեմի բարձրացումը» ոչ թե հանգուցալուծման, այլ՝ համաեվրոպական պատերազմի միտում ունի: Կանխատեսումներ հնարավոր կլինի անել շվեյցարական Խաղաղության խորհրդաժողովից հետո: