14/07/2024

«Լուրերը» սխալ է ներկայացրել արցախյան բարբառը ու ներողություն խնդրել. Տեսանյութ, Լուսանկար

Հունիսի 5-ին հիմնական թողարկման ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Լուրերը» հրապարակել էր ՀՀ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունը, որի ընթացքում անձանց միջև երկխոսությունն իմաստային առումով սխալ էր վերծանվել։

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ միաժամանակ ասվում էր, որ «ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ համացանցի Ֆեյսբուք սոցիալական կայքի համապատասխան էջում առկա է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն»։

Այսինքն, գաղտնալսման ձայնագրությունը ստացվել էր բաց աղբյուրից։

Հեռախոսազրույցի ձայնագրության մոտ 3 րոպեանոց հատվածում երկու տղամարդ խոսում են Արցախի բարբառով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ այս օրերին Երևանում անցկացվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաներին մարդիկ մասնակցում են որոշակի գումարի դիմաց։

Բանն այն է, որ երկու անձանց միջև զրույցի այս հատվածը՝ «պատկերացնում ը՞ս, երեգի 2200 դրամ ըմ տվալ, մին վըննաման ինք կալալ, վեր կյանքում 40 հազարա պակաս վըննաման կեցած չում», «Լուրերի» թողարկման ընթացքում սխալ է վերծանվել և ներկայացվել այսպես․ «Երեկ, պատկերացնո՞ւմ ես, 2200 դրամ են տվել, որ կյանքում 40 հազարից պակասի համար գնացած չկամ»։ Մինչդեռ, իրականում, բարբառային խոսակցության այդ հատվածը հետևյալ իմաստն ունի․ «Պատկերացնո՞ւմ ես, երեկ 2200 դրամ եմ տվել, կոշիկ գնել, երբ կյանքում 40 հազարից պակաս կոշիկ չէի հագել»։

Հանրային հեռուստատեսության եթերում ձայնագրության մի քանի հատվածներ են հնչում, որոնք ուղեկցվում են Արցախի բարբառից գրական հայերեն ենթագրերով։ Մյուս վերծանումները ճիշտ են, բացառապես՝ վերը նշված հատվածի։

Հունիսի 6-ին՝ առավոտյան, Հանրային հեռուստաընկերությունն ամբողջությամբ հանել է ենթագրերը՝ խոսակցությունը թողնելով առանց բարբառից վերծանման։

Իհարկե, Հանրային հեռուստաընկերության սխալ թարգմանությունն արարքի որակման համար կարող է էական նշանակություն չունենալ, քանի որ ենթադրյալ հանցագործության առարկա կարող է լինել բրինձը կամ բրնձի պարկը, այլ ոչ միայն գումարը: Բայց, մյուս կողմից, այլ ենթադրությունների առիթ է տալիս։ Հանրային հեռուստաընկերության թարգմանած հատվածից կարելի էր ենթադրել, որ խոսակցի համար գումարի դիմաց ցույցի գնալը սովորական մի բան է և որ նախկինում էլ անձը գումարի դիմաց է մասնակցել ցույցերի։

Այսպիսով, կարող ենք պնդել, որ անկախ դեպքի ենթատեքստից ու դրա վրա ունեցած ազդեցությունից՝ Հանրային հեռուստատեսությունը եթերում հրապարակված խոսակցության հատվածներից մեկը ներկայացրել է սխալ, այնուհետև հանվել են բոլոր ենթագրերը՝ խոսակցությունը թողնելով առանց վերծանման, ինչը նույնպես խնդրահարույց է։

Ավելի ուշ, Հանրային հեռուստատեսության «Լուրերի» թողարկման ժամանակ լրագրողը հեռուստաընկերության անունից ներողություն է խնդրել կատարվածի համար:

Ալյոնա Հայրապետյան