27/07/2024

Հայ-ամերիկյան հարաբերության իրապես ամուր ապագա հնարավոր է կառուցել իմաստնությամբ

Հունիսի 10-12-ին Հայաստանում է գտնվելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, որը ազդարարել էր, որ Երեւանում է լինելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ձեւաչափի հերթական նիստին մասնակցելու համար:

Այդ ձեւաչափն արդեն գոյություն ունի գրեթե հինգ տարի, թեեւ պետք է նկատել, որ դրա շուրջ գոյություն ունեցող քաղաքական եւ աշխարհաքաղաքական միջավայրը արմատական փոփոխության է ենթարկվել թե 44-օրյա պատերազմից հետո, եւ թե ըստ էության դրան հաջորդած ամեն տարվա ընթացքում, եթե ընդհանրապես չասենք, որ միջավայրերը այսօր փոխվում են արդեն ամենամսյա տրամաբանությամբ:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության կարեւորության մասին խոսելը թերեւս ավելորդ է, բայց միեւնույն ժամանակ շատ կարեւոր է հասկանալ այդ երկխոսության բովանդակային անկյունաքարերի հարցը: Այստեղ իհարկե ամենավտանգավորը կարող է լինել սպասումների չափազանցություն եւ պատկերացումների այսպես ասած պատրանքայնությունը:

Խոսքն այն մասին է, որ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը պետք է մոտենալ ավելի շատ ոչ թե «մեդիասպառման», այլ իրական եւ խորքային խոսակցության տեսանկյունից, որտեղ կողմերը հիանալի հասկանում ու պատկերացնում են ոչ միայն միմյանց ընդհանուր հետաքրքրությունները, համադրելի շահերը, այլ նաեւ հակոտնյա շահերն ու անհամադրելի նպատակներն ու առաջադրանքները:

Իսկ դրանք կան, ինչպես ցանկացած այլ երկրի հետ Հայաստանի հարաբերության պարագայում, այնպես էլ առավել եւս Միացյալ Նահանգների, որի թիվ մեկ գերտերության մասշտաբը ենթադրում է բոլորովին այլ չափումներ, քան դրանք կարող են լինել Հայաստանի դիրքից: Մինչդեռ, ըստ էության աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած միջպետական հարաբերություն առավել կայուն, առավել հաստատուն եւ ամուր կարող է զարգանալ այն պարագայում, երբ կողմերը ունեն ոչ միայն միմյանց միջեւ համաձայնությունների դաշտին առերեսվելու եւ այդտեղ աշխատելու կամք, այլ ունեն նաեւ անհամաձայնությունները ճանաչելու, հասկանալու, ընդունելու համարձակություն եւ մտածողական կարողություն, պատրանքներից զերծ մնալու խորագիտություն:

Ի վերջո, ինչպես առիթ եմ ունեցել բազմիցս վկայակոչելու, պատրանքային, անիրատեսական փոխհարաբերության, իրականությանը առերեսվելու ցանկության կամ կարողության բացակայության վրա կառուցված փոխհարաբերության եւ դրանից բխող հետեւանքի «վառ» օրինակը հայ-ռուսական հարաբերությունն է:

Հայաստանը կարիք ունի ոչ թե նույնակերպ, պարզապես այլ տերության հետ հարաբերություն կառուցելու, այլ բոլոր պետությունների հետ կառուցելու հնարավորինս խորքային հարաբերություններ, որոնցում միանգամայն սթափ եւ սառը գնահատական կա ոչ միայն ընդհանուր, այլ նաեւ հակոտնյա հետաքրքրություններին, հետեւաբար կա «որոմը սերմից զատելու» իմաստնություն: Հայ-ամերիկյան հարաբերության իրապես ամուր ապագա հնարավոր է կառուցել միայն այդ իմաստնությամբ: