Ադրբեջանը հայտարարել է խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին: Բաքվի համար սա արդեն դարձել է «սովորական» կամ այսպես ասած՝ հերթական որոշումը արտահերթի մասին: 2018 թվականից ի վեր Ադրբեջանը արդեն կայացրել է այդպիսի 4 որոշում:
Նախ «առաջ բերվեց» նախագահական ընտրությունը՝ 2018-ի հոկտեմբերի փոխարեն անցկացվելով 2018-ի ապրիլին: Հետո 2020-ի նոյեմբերին սպասվող խորհրդարանական հերթական ընտրությունընն անցկացվեց 2020 թվականի փետրվարին:
Այդ որոշումները նախորդել էին 44-օրյա պատերազմին, Արցախի էթնիկ զտման ու հայաթափման գործընթացներին: Սակայն, արտահերթ ընտրության «պրակտիկան» Բաքուն չի դադարեցնում նաեւ դրանից հետո: Տարեսկզբին Իլհամ Ալիեւը հանկարծ որոշեց 2025 թվականի ապրիլին սպասվող հերթական նախագահական ընտրությունն անցկացնել արտահերթ՝ 2024 թվականի փետրվարին: Տարածված էր բացատրությունը, որ Ալիեւը ռազմական հաջողությունների պայմաններում իր վարանիշը դիտում է գագաթնակետին եւ պարզապես չի ուզում կորցնել ժամանակ:
Բայց, ահա հայտնի է դառնում նաեւ, որ 2025 թվականի փետրվարին նախատեսված հերթական խորհրդարանական ընտրությունները Ալիեւը մտադիր է նշանակել ընթացիկ ամռանը: Դրա համար բերվող ֆորմալ պատճառաբանությունը մեղմ ասած համոզիչ չէ:
Պառլամենտական կառավարող կուսակցությունը հայտարարում է, թե արտահերթ ընտրություն են անցկացնում, որ 2024-ի նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովի ժամանակ լինի լիարժեք ձեւավորվածծ խորհրդարան, ոչ թե գործունեության ժամկետն ավարտող խորհրդարան:
Հասկանալի է, որ բացատրությունը մեղմ ասած ձեւական է եւ թերեւս միայն Ալիեւն ու նրա շատ նեղ շրջանակը գիտեն, թե որն է հերթական արտահերթի տակ եղած հաշվարկը: Միանգամայն հնարավոր է, որ Ալիեւը ոչ թե ժամանակ չկորցնելու մղումով է առաջնորդվել, այլ՝ 2025-ի առաջին կիսամյակում « ընտրություններից ազատ ժամանակ» ունենալու: Անկասկած է, որ նա առնվազն սպասում է այդ ժամանակահատվածում էական փոփոխություններ միջազգային արեալում:
Ի դեպ, այստեղ գուցե հարկ է ուշադրության արժանացնել երկու տեղեկությունների ժամանակագրական զուգորդումը, թեեւ թեմատիկ առումով դրանք չունեն որեւէ կապվածություն: Նույն օրը, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի արտահերթ ընտրության գնալու մտադրոության մասին՝ հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Պուտինը ռուսաստանյան լրատվամիջոցների հետ շփման ժամանակ կարծիք էր հայտնել, որ Արեւմուտքը 2025-ի առաջին կիսամյակում կկայացնի Զելենսկուն փոխելու որոշում, մինչ այդ նրա վրա կբարդեն մի շարք ոչ պոպուլյար որոշումներ ու հետո կփոխեն նրան, ասել է Պուտինը:
Հասկանալի է, որ այստեղ առանցքայինը Զելենսկուն փոխելու հանգամանքը չէ, այլ այդ փոփոխությունը հասունացնող միջավայրային զարգացումները, որոնք, եթե անգամ առննչվեն միայն Ուկրաինային ֆորմալ իմաստով, անկասկած մեծ ազդեցություն կունենան միջազգային իրողությունների վրա:
Առավել եւս, որ մինչ այդ էլ պարզ կլինի, թե ինչով է ավարտվել ԱՄՆ նախագահական ընտրությունը: Ի դեպ, ուշադրոության արժանի մեկ այլ փաստ է թերեւս այն, որ հունիսի 20-ին տեղի է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»