21/07/2024

Եկել է Պուտին – Ալիև հակադրություն բեմադրությունը խաղալու ժամանակը

Մենք շատ ծրագրեր ունենք ենթակառուցվածքների ոլորտում եւ այստեղ առաջին տեղ է դուրս գալիս Հյուսիս-Հարավ ծրագիրը, Աստանայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը:

Պուտինի հայտարարության մեջ բավականին ուշադրության է արժանի «առաջին տեղ» ձեւակերպումը, որով ՌԴ նախագահը ընդգծում է թերեւս այն, ինչի մասին տեսակետ եմ արտահայտել օրերս, որ Ռուսաստանը փորձում է նվազեցնել Ադրբեջանի հետաքրքրվածությունը այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքով», Բաքվին գրավելով Հյուսիս-Հարավով:

Ռուսաստանի այդ դիրքորոշման հարցում թերեւս էական դեր ունի Թուրքիայի հետ հարաբերության նկատելի սառնությունը, ինչը պայմանավորված է ըստ ամենայնի հանգամանքով, որ Անկարան իր համար առավել մոտ է դիտարկում արեւմտյան առաջնահերթությունները, որոնք կապված են Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա առեւտրային միջանցքի կառուցման հետ: Դրա մասին բաց տեքստով հայտարարում է Վաշինգտոնը: Մոսկվան փորձում է Բաքվին հետ պահել այդ առաջնահերթություններից, «առաջին տեղ» բերելով Հյուսիս-հարավը:

Սակայն, դատելով Ալիեւի բացման խոսքից, Ադրբեջանը որոշակիորեն դիմադրում է, ըստ ամենայնի փորձելով թանկացնել իր գինը՝ չբավարարելով թե Ռուսաստանին, թե Արեւմուտքին: «Մենք վճռականորեն տրամադրված ենք, որ զարգացնենք ադրբեջանական տարածքում միջանցքի ենթակառուցվածքը, որը ֆիզիկապես գոյություն ունի իհարկե, բայց չի համապատասխանում այն մտադրություններին, որոնք առկա են մեր գործընկերների ու հարեւանների մոտ, այդ նախագծի առավելագույն գործարկման հարցում», հայտարարել է Ալիեւը:

Մի կողմից նրա խոսքը նկատելիորեն վերաբերում է Պուտինի բարձրաձայնած թեմային, մյուս կողմից սակայն ակնառու է, որ Ալիեւի ձեւակերպումները անհամեմատ ընդհանրական են եւ դրանցում գործնականում բացակայում են առաջնահերթությունները: Ավելին, նշմարվում է, որ Ալիեւը խոսում է այն մասին, որ պատրաստ է օժանդակել գործընկերների եւ հարեւանների համար կարեւորին, բայց նա չի խոսում կարծես թե, որ դա կարեւոր է նաեւ իր համար, «առաջին տեղ» է եկել նաեւ իր համար:

Ալիեւն իհարկե խաղում է եւ փորձում առնվազն բավարարված թողնել բոլորին՝ Մոսկվային, Թեհրանին, Վաշինգտոնին ու Անկարային: Նա խաղում է ժամանակի վրա, դա ակնառու է, իսկ ժամանակային հաշվարկն ըստ էության անում է 2025-ի առաջին ամիսների ուրվագծով, ինչի համար նա «ազատել» է իր ձեռքերը թե նախագահի, թե խորհրդարանի հերթական ընտրություններից՝ անցկացնելով դրանք արտահերթ:

Աստանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը«Վլադիմիր Պուտինը» սահմանել է բանակցությունների հիմնական թեման՝ «Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի խնդիրը»:

«Ես կուզենայի ընդգծել ենթակառուցվածքների հարցում մեր ծրագրերը եւ այստեղ, իհարկե, առաջնայինն այժմ Հյուսիս-հարավ հայտնի մայրուղին է: Հույս ունեմ, որ այդ մասին եւս մենք երկու բառ կխոսենք»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Ի պատասխան՝ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «տրամադրվածությունը վճռական է, ուղղված նրան, որ Ադրբեջանի տարածքում միջանցքի ենթակառուցվածքներն ընդլայնվեն»: Նրա ներկայացմամբ՝ «դա ֆիզիկապես գոյություն ունի, բայց չի համապատասխանում այդ նախագծի առավելագույն գործարկման մասին մեր հարեւանների եւ գործընկերների մտադրություններին»: Ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման առավելագույն ժամկետը 2028 թվականն է:

Թե աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկ ունի Ռուսաստանը՝ ենթադրությունները տարբեր են: Ամենահավանական է թվում տեսակետը, որ Ռուսաստանը «ձգտում է առնվազն հասնել Գլոբալ հարավի չեզոքությանը»: Սանկտ-Պետերբուրգից մինչեւ հնդկական Մունբայ ձգվող երակուղային հաղորդակցությունն, անշուշտ, միջազգային նշանակություն ունի:

Դատելով Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների ընդլայնման մասին Ալիեւի նկատառումներից, նա ձգտում է ժամանակ շահել: Խիստ ուշագրավ է, որ Աստանայում Պուտին-Ալիեւ բանակցություններին ընդառաջ Բաքվի իշխանամերձ մամուլը սուր քննադատության է ենթարկել Իրանին, որ, չնայած Ռուսաստանի տրամադրած 1,4 միլիարդ եվրոյի առկայությանը, ամենեւին էլ «չի շտապում Ռեշ-Աստարա հատվածի կառուցումն սկսելու հարցում»:

Ըստ այդմ, իրանական կողմն ավարտել է 162 կմ. ընդհանուր երկարության երկաթուղու միայն 30 կիլոմետրանոց հատվածի նախագծումը, ինչին դեռ պետք է հետեւեն հեոդեզիական ուսումնասիրություններ, Ռուսաստանը եւ Իրանը համաձայնության պետք է գան նաեւ մասնագետների, շինարարական տեխնիկայի, շինանյութերի ընտրության հարցում:

Իրանն ակնհայտորեն չի շտապում: Եւ դա ստեղծված առարկայական իրավիճակում, կարծես, Ալիեւի համար փրկություն է: Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կտրուկ դեմ են Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ երկաթուղային հաղորդակցությանը, բայց Ալիեւը չի կարող կտրուկ մերժել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագիծը:

Մեծ է հավանականությունը, որ Աստանայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջնական համաձայնության կգան: Իրականության, կարծես, շատ մոտ է փորձագիտական գնահատականը, որ Ալիեւը սկզբունքային նշանակության ոչ մի հարցում որոշում չի կայացնելու՝ մինչեւ չլուծվի ԱՄՆ նախագահական ընտրությունների ինտրիգը:

Ըստ երեւույթի, սպասումներ ունի նաեւ Իրանը: Կարեւոր է նաեւ, որ Կրեմլի մամուլի ծառայությունը հուլիսի 2-ին անոնսավորել է Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդողան բանակցություններ, իսկ Իրանի մասով միայն ակնարկել, որ «չի բացառվում, որ Պուտինը կարճատեւ շփում կունենա նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ»: Մեկ ամսում Պուտինը Մոխբերի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել:

Եւ եթե Աստանայում ռուս-իրանական լիարժեք բանակցություններ տեղի չեն ունենում, ապա կամ Պուտինը համոզված է, որ Մոխբերն ապագա կառավարության որոշումների ընդունման վրա ադեցություն չի ունենալու, կամ Մոսկվան Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Թեհրանի շահագրգռվածությանը լիարժեք հավատ չի ընծայում:

Եթե ստացի այդպես, ապա Իրանն Ադրբեջանին մեծ ծառայություն մատուցած կլինի: Իսկ գուցե Արեւմուտքը պատրաստ է փոխհատուցե՞լ Իրանին, եթե Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ հաղորդակցության աշխարհաքաղաքական նախագիծը չիրագործվի: