14/07/2024

Ադրբեջանի հետ մինչեւ վերջ կխոսեն կարկանդակով, ոչ թե մտրակով

«Տեղի ունեցածի իրավական գնահատականը ուսումնասիրվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Մենք տեղյակ ենք վերջին հաշվետվությունների մասին, որ վերջեր են հրապարակվել։ Բազմաթիվ ապացույցներ և մեծաթիվ հարցազրույցներ կան ընտանիքների հետ, որոնք անցել են տեղի ունեցածի միջով։ Ես չեմ կարող պետքարտուղարության գնահատականից առաջ ընկնել այս մասով», Երեւանում հուլիսի 10-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը, որը հուլիսի 8-11-ն այցելել է Հայաստան:

Իսկ նրա խոսքը վերաբերում է Արցախում էթնիկ զտման փաստին եւ դրա առնչությամբ ԱՄՆ գնահատականին: Ինչպես հայտնի է, ԱՄՆ սեպտեմբերի 19-20-ին եւ դրանից առաջ ու հետո Արցախի հանդեպ տեղի ունեցածը չի դիտարկում էթնիկ զտում: Հարկ է նկատել անշուշտ, որ կատարվածն էթնիկ զտում չի գնահատում եւ ոչ մի ուժային կենտրոն, միջազգային խոշոր խաղացող:

ԱՄՆ հայտարարում է, որ չկան ապացույցներ եւ կատարվածն ուսումնասիրության փուլում է: Միաժամանակ, պարզ չէ, թե ի՞նչ հստակ ձեւաչափով է իրականացվում ուսումնասիրությունը եւ ի՞նչ ժամկետներ կան, որոնց շրջանակում ի վերջո պետք է ձեւավորվի ԱՄՆ ամբողջական եւ այսպես ասած վերջնական գնահատականը:

Մյուս կողմից, ըստ ամենայնի որեւէ մեկը չի էլ ձեւավորի վերջնական գնահատական: Գնահատականները թերեւս միշտ լինելու են քաղաքական, ավելի շուտ՝ բխելու են քաղաքական կոնյուկտուրայից: Արցախի հետ կատարվածը բոլորն էլ ձգտելու են պահել Ադրբեջանի գլխին կախված Դամոկլեսյան սրի կարգավիճակով, հարկ եղած դեպքում այն որպես ճնշման գործիք օգտագործելու համար:

Բայց, հարցն այն է, թե երբ կլինի այդ հարկը: Առայժմ ակնառու է այն, որ բոլորն էլ ձգտում են աշխատել Բաքվի հետ: Ավելին, հանգամանքը, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Արցախի դեմ ադրբեջանական խոշոր ագրեսիայից երկու օր առաջ Ստամբուլում տեղի է ունեցել ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետների հանդիպումը արցախյան թեմայով, վկայում է, որ Բաքվի առաջ ագրեսիայի կանաչ լույս վառել են բոլորը, թերեւս բոլորն էլ մտքում ունենալով հետ այդ հանգամանքը թանկ վաճառել Բաքվի վրա, կամ պահել, որպես ինչ որ պահի կիրառելիք մահակ:

Հարցն այն է, թե կգա՞ այդ «ինչ որ պահը», թե՞ այդուհանդերձ բոլորն էլ գերադասելու են Ադրբեջանի հետ մինչեւ վերջ խոսել կարկանդակով, ոչ թե մտրակով, ինչը դժբախտաբար ստեպ-ստեպ ստեղծում է միջավայր, երբ Ադրբեջանն ինքն է մտրակ բանեցնում ռեգիոնալ ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Սա է լուրջ խնդիր, որ պետք է անհանգստացնի Կովկասի կայունությամբ լրջորեն մտահոգ որեւէ սուբյեկտի: