«Կարգոն» ՍՊԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի և պահանջում է հօգուտ «Կարգոն»-ի բռնագանձել 5,657,230 (հինգ միլիոն վեց հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am հարթակից։ Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հունիսի 26-ին, մակագրվել Կոտայքի մարզի դատավոր Նարինե Թորոսյանին։
Նշենք, որ «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան» ՍՊԸ-ի տնօրենի անունը վերջերս սկսեց ակտիվ շրջանառվել որպես «սրբազան շարժմանն» աջակցող գործարարի, որի նկատմամբ իբրև թե իշխանությունները հետապնդում են սկսել։ «Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լա՛վ հիշիր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Ես քեզ ասել եմ՝ խոփդ ուրիշ քարի է կպել»,-շաբաթներ առաջ հայտարարել էր Բագրատ Գալստանյանն ու նշել՝ «հալածվում են շարժման աջակից գործարարները, ինչպես, օրինակ, «Շահնազարյան» գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Հայկ Շահնազարյանը, որի գործարանում ևս հարկային ստուգումներ են իրականացվել, վերջինս էլ ձերբակալվել է»։
ՔԿ-ն էլ հունիսի 25-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս. Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ. Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ. Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս. Շ.-ի, Հ. Շ.-ի և Մ. Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:
Նշված անձինք ձերբակալվել են։ Նույն օրը կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր: Նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ ընդդեմ հիշյալ ՍՊԸ-ի, ինչպես պարզեցինք «datalex.am»-ից, նախկինում ևս մի շարք հայցեր են ներկայացվել գումարի բռնագանձման պահանջներով։ Մասնավորապես 2020-ին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է քաղհայց ներկայացրել, «ԴՈՄԻՆՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ-ն, «ՄԻՐԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն, 2016-ին էլ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, 2015-ին՝ «Տիարա» ՍՊԸ-ն, 2014-ին՝ «Գուգի գրուպ» ՍՊԸ-ն։
Սրբազանին աջակցող ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Շահնազարյանը արմատներով Տավուշի մարզից է, ծնվել է Բերդ քաղաքում։ 24 տարի Ուկրաինայում ապրելուց հետո Շահնազարյանն իր ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան, որտեղ էլ 2009-ին հիմնել են ընկերությունը, որի երկու իրական շահառուները Սամվել և Հայկ Շահնազարյաններն են։ Նշենք, որ 2013-ին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել էր Եղվարդում գտնվող հիշյալ ՍՊԸ, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին:
Այս այցից մեկ ամիս առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող թրեյլերն այրվում է Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե կենտրոնական ավտոմայրուղու թունելում: Պարզվեց՝ բեռնատարը կոնյակի սպիրտ էր տեղափոխում, իսկ ապրանքը պատկանում էր «Շահնազարյան» գինու-կոնյակի տանը:
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան 20 տարեկան է, մեծ տոն, հրաշալի միջոցառում էին կազմակերպել. Լուսանկարներ
Եվրոն ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դոլարը նվազել է. դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են