22/11/2024

Բաքուն շանտաժի ուժով Երեւանին կստիպի՞ համաձայնել Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու իր առաջարկին

Միացյալ Նահանգների պետքարտուղարոււթյունը պատասխանելով Ամերիկայի ձայնի հայկական ծառայությանը՝ Մինսկի խմբի համանախագահության ապագայի շուրջ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ, հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Երեւանի ու Բաքվի հետ աշխատել ցանկացած ձեւաչափում, որի վերաբերյալ կհամաձայնեն նրանք:

Բաքուն Երեւանին առաջարկում է «համաձայնել» խմբի լուծարմանը մտքին եւ համատեղ խնդրանքով դիմել ԵԱՀԿ-ին: Երեւանն օրերս հայտարարեց, որ այդ հարցը կապում է խաղաղության պայմանագրի հետ:

Ստացվում է, որ, եթե Երեւանը չի միանում Բաքվի «առաջարկին», ապա Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է դե յուրե գոյությունը, թեեւ դե ֆակտո չի աշխատում արդեն մի քանի տարի:

Ընդ որում, խումբը գործնականում չի աշխատում գուցե նույնիսկ տասնամյակ, թեեւ թվում է, որ աշխատանքը ընդհատվել է 2022 թվականին՝ ուկրաինական պատերազմի հետեւանքով: Եթե դիտարկենք այն, որ Մինսկի խմբի համանախագահությունը դե ֆակտո ապահովելու էր խաղաղ գործընթաց, այսինքն՝ Կովկասի կայունություն, ապա պարզ է, որ այդ առաքելությունը խումբը, համանախագահությունը տապալել է դեռեւս 2013-14 թվականներից, երբ Ադրբեջանը գործընթաց բերեց ակնառու ռազմական բաղադրիչ: Այլ կերպ ասած, բերեց ուժի բաղադրիչը եւ սկսեց կիրառել այն անարգել:

Սա էական հանգամանք է, երբ դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահության ապագայի հարցը: Երբ համանախագահ որեւէ երկիր հայտարարում է, որ կընդունի այն որոշումը, ինչը կայացնեն Երեւանն ու Բաքուն՝ աշխատանքային ձեւաչափի վերաբերյալ, ապա մեծ հաշվով այստեղ նշմարվում են Բաքվի ուժային քաղաքականության լեգիտիմացման ռիսկեր:

Որովհետեւ, Ադրբեջանը հարցը դնում է այնպես, որ ակնառու է շանտաժի տարրը: Բաքուն հայտարարում է, որ, եթե Երեւանը չմիանա խմբի լուծարման առաջարկին, ուրեմն տարածքային հավակնություն ունի Ադրբեջանի հանդեպ: Սա նենգափոխում է եւ շանտաժ, որովհետեւ Բաքուն ինքը ընդունել է Մինսկի խմբի մանդատն ու բանակցել դրա շրջանակում:

Հետեւաբար, այդ մանդատի հանդեպ աշխատանքային հարաբերությունը չի կարող ենթադրել Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ կամ հավակնություն:

Ուրեմն ինչո՞ւ է Ադրբեջանը դնում հարցն այդ շեշտադրումով: Որպեսզի ստեղծի ուժի կիրառման նախադրյալ: Կկիրառի, թե ոչ, սա հարցի մյուս մասն է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը ստեղծում է այդ նախադրյալը: Հետեւաբար, թողնել այդ հարցի առնչությամբ Երեւանին ու Բաքվին «իրար հետ որոշելու», նշանակելու է թողնել, որ Բաքուն շանտաժի ուժով Երեւանին բերի Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու իր առաջարկին:

Մինչդեռ, համանախագահության թեկուզ դե յուրե գոյությունը մի կատեգորիա է, որը բաց է պահում Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի պատասխանատվության հանգամանքը: Այդ հանգամանքը փակելու համար է, որ Բաքուն փորձում է հասնել խումբն ու համանախագահությունը փակելուն: