25/11/2024

Մոսկվան և Բաքուն կգործեն միասնաբար՝ ընդդեմ Հայաստանի

Վլադիմիր Պուտինը պետական այցով Բաքվում է: «Նախագահները տարածաշրջանային և միջազգային քաղաքականության ակտուալ հարցերի, մասնավորապես հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի վերաբերյալ մտքեր կփոխանակեն»,- գրում է ՌԻԱ-Նովոստին և ավելացնում. «Ընդգծվում է, որ առանցքային են մնում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան, տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ կապերի ապաշրջափակումը: Դրա համար հիմք պիտի ծառայեն 2020-2022 թվականների եռակողմ համաձայնությունները»:

Ձևակերպումը կարող է հստակեցնել այսպես. «Հարաբերական է, թե եռակողմ համաձայնագրերը դիտարկվում են որպես հիմք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանանշման, թե տարածաշրջանի տնտեսական և լոգիստիկ կապերի ապաշրջափակման համար։ Նույնիսկ անհրաժեշտ է պարզել, թե Ռուսաստանը համաձայն է արդյոք, որ Հայաստանը և Ադրբեջանը նախ ստորագրեն հարաբերությունների հաստատման պայմանագիր, ապա անցնեն սահմանազատման և կոմունիկացիաների խնդիրներին»:

Այս հարցերի շուրջ դիտարկումները, սակայն, իմաստ կունենա, եթե հասկանալի լինի մի հիմնարար հանգամանք. Մոսկվան և Բաքուն ընդունու՞մ են 2020-2022 թվականների եռակողմ համաձայնությունների լեգիտիմությունը, թե խոսքը միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին է:

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին ՏԱՍՍ-ին հարցազրույցում ակնարկել է, որ, չնայած ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին, «կյանքը մնում է կյանք, որոշ հարցերում կողմերը տարաձայնություններ ունեն»: Նա ավելացրել է, որ կողմերի «արտաքին գործերի նախարարությունները ինտենսիվ աշխատում են»:

Ի՞նչ «ընտանեկան տարաձայնությունների» մասին է Բյուլբյուլ-օղլին ակնարկում: Վերջին շրջանի միակ վիճահարույց հարցը կապված է Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու Մոսկվայի առաջարկության հետ: Թեև Ադրբեջանը պաշտոնական մակարդակով խնդրին չի անդրադարձել, սակայն քաղաքական և փորձագիտական շրջանակի արձագանքներից դատելով՝ Բաքվում այդ մասին լսել անգամ չեն ցանկանում:

Ոչ պաշտոնական տեղեկատվություն կա, որ Ադրբեջանն առաջարկել է դիվանագիտական ներկայացուցչությունների պարիտետը վերականգնել Գյանջայում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու միջոցով: Ըստ երեւույթին, կողմերի արտգործանախարարությունների միջեւ ինտենսիվ աշխատանքի թեմաներից մեկը դա է:

Բայց Պուտինի Բաքու այցի, Ալիևի հետ բանակցությունների օրակարգի մոսկովյան անոնսը չափազանց հավակնոտ է: Եթե նրբասացությունից վերացարկվենք, ապա կստացվի, որ Ռուսաստանի նախագահը մեկնում է Բաքու, որպեսզի հայ-ադրբեջանական բանակցությունները վերադարձնի բացառապես մոսկովյան հարթակ:

Այդ առումով ՌԴ արտգործնախարար Լավրովի, նրա տեղակալ Գալուզինի և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի բազմաթիվ հայտարարությունները այլևս անցյալում են. նախաձեռնությունն անձամբ Պուտինն է փորձելու առաջ մղել:

Դա ռուս-ադրբեջանական հարաբերություններում սահմանագծային իրավիճակ է ստեղծում, քանի որ, եթե Ալիևը մերժի, նրա մյուս բոլոր հայտարարությունները կիմաստազրկվեն: Ալիևն, ամենայն հավանականությամբ, կիրառելու է վաղեմի հնարքը՝ հասնելու նրան, որ Հայաստանը մերժի Մոսկվայի «միջնորդությունը»:

Կամ, թերևս, այդ հարցում Մոսկվան և Բաքուն կգործեն միասնաբար: Դա հնարավոր կլինի, որպեսզի կարգավորումները լինեն ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ Հայաստանի մասին ռուս-ադրբեջանական համաձայնության արդյունք: